Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հերքել է 550 կգ ոսկու «կորուստը» Հայաստանում

10.10.2017, 14:30
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հերքում է 552․9 կիլոգրամ ոսկու «վաճառքը» Հայաստանի հանքավայրում։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հերքել է 550 կգ ոսկու «կորուստը» Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հերքում է 552․9 կիլոգրամ ոսկու «վաճառքը» Հայաստանի հանքավայրում։

Վերջին շրջանում հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում անդրադարձել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ գործունեությանը, մասնավորապես, ընդերքի պետական տեսչության կողմից Սոթքի հանքում իրականացրած ստուգման փաստին։

Ընդերքի պետական տեսչությունը Սոթքի հանքում ստուգում է իրականացրել 2016 թվականին, ինչի արդյունքում կազմվել է վարչական ակտ։

«Ինքնին ակտը չի պարունակում որևէ տեղեկատվություն 500 կիլոգրամ ոսկու անհետացման կամ դրա թաքցնելու վերաբերյալ, ինչպես դա ներկայացվում է լրատվամիջոցների կողմից։ Ակտում նշված է, որ ընկերությունը իր հաշվարկներն իրականացնելիս կիրառել է «չընդունված» մեթոդ, ինչը, իր հերթին բերել է հաշվարկային ցուցանիշների տարբերությանը», – հայտնել են ընկերությունից։Հարկ է նշել, որ տեսչության կազմած ակտում նշված 552․9 կիլոգրամ ոսկին հանդիսանում է հաշվարկների մեթոդների տարբերության հետևանքով առաջացած հաշվարկային մեծություն։

«Հետևաբար, մենք գործ ունենք ոչ թե նյութական մետաղի, այլ երկրաբանների տեսական հաշվարկների ու մոտեցումների արդյունքների հետ։ Այսինքն` խոսել 552․9 կիլոգրամ ոսկու անհետացման մասին, որը տեսական հաշվարկների անհամապատասխանության արդյունք է, անտեղին է և չհիմնավորված», – նշում են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունից։

Նշված հաշվարկներն իրականացնելիս ընդերքի պետական տեսչությունը և ընկերությունը տարբեր մեթոդներ են կիրառել, քանի որ ՀՀ օրենսդրական ակտերում, ինչպես նաև ընդերքօգտագործման պայմանագրում որևէ կերպ նշված չէ ընկերության պարտավորությունը հաշվարկներ իրականացնելիս կիրառել այս կամ այն մեթոդը, համապատասխանաբար յուրաքանչյուրը կարող էր ընտրել իր համար առավել ընդունելի հաշվարկի մեթոդ։

 «Հաշվի առնելով, որ ակտը կազմված էր բազմաթիվ թերություններով և ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, ընկերությունը բողոքարկեց այն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին։ Լսումների ընթացքում ընկերությունը հանձնաժողովին ներկայացրել է մի շարք փաստեր և հիմնավորումներ, որոնք ապացուցում էին, որ ինչպես ակտը, այնպես էլ ակտում նշված տեղեկությունները/հաշվարկները կատարված են բազմաթիվ թերություններով և ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ։ Չնայած այդ հանգամանքին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը մերժել է ընկերության բողոքը», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Իր իրավուքները պաշտպանելու համար ընկերությունը ստիպված էր դիմել ՀՀ Վարչական դատարան։ 2017 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Վարչական դատարանը ամբողջովին բավարարեց ընկերության հայցադիմումը։

«Դատակավարության ողջ ընթացքում ընդերքի պետական տեսչությունը որևէ կերպ չկարողացավ դատարանին ներկայացնել ինչպես ակտի, այնպես էլ կատարված հաշվարկների հիմնավորումը, մասնավորապես՝ թե ինչպես և ինչ հաշվարկների արդյունքում է ստացել նշված 552․9 կիլոգրամ ոսկու մարված պաշարների տարբերությունը և կազմված ակտի որ կետերով է այն ձևավորվել», – ասվում է հաղորդագրությունում։

Ակտին, որպես դրա անբաժան մաս կցված չեն եղել տեսչության կողմից կատարված հաշվարկները, ուստի ընկերությունը փաստացի հնարավորություն չի ունեցել ծանոթանալ թե դրանց բովանդակության և թե վերջնական արդյունքների հետ։ Այսինքն, ստացվում է, որ ակտում նշված 552․9 կիլոգրամ ոսկու մարված պաշարների տարբերությունը իրենից ներկայացնում է ընդերքի պետական տեսչության կողմից կատարված անհայտ և չհիմնավորված հաշվարկների արդյունք, ինչի վերաբերյալ շատ հստակ և հիմնավորված դիրքորոշում է հայտնել դատարանը իր վճռում։

Նշվում է, որ նախարարությունում տեղի ունեցած լսումների ընթացքում ընկերությունը հանդես է եկել առաջարկությամբ խնդրի լուծման համար իր հաշվին ներգրավել անկախ փորձագետների։ Փորձագետներին ներկայացվել են բոլոր այն տվյալները, որոնք ստուգման ընթացքում ներկայացված են եղել ընդերքի պետական տեսչությանը։ Փորձագետները կատարված ուսումնասիրությունների և հաշվարկների արդյուքնում ներկայացրել են իրենց եզրակացությունը, որը շատ մոտ էր ընկերության ստացած արդյուքների հետ։

«Նշենք, որ ընկերությունը պատրաստ է նաև հրավիրել բարձր որակավորում ունեցող միջազգային անկախ փորձագետների ստուգման ժամանակահատվածի համար մարված պաշարների հաշվարկի փորձաքննություն անցկացնելու համար։ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հերթական անգամ հիշեցնում է, որ ընկերությունը ինչպես ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պատշաճ կատարում է բոլոր պարտականությունները, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ հասարակության հանդեպ իր բոլոր պարտավորությունները։ Ընկերությունը լրատվամիջոցներին խնդրում է ադեկվատ վերաբերվել տեղեկատվությանը, մասնավորապես չխեղաթյուրել իրավիճակի իրական պատկերը», – նշվում է հաղորդագրությունում։

 «ԳեոՊրոՄայնինգը» հիմնադրվել է 2001 թ-ին, միջազգային մասնավոր կազմակերպություն է ոսկու և այլ մետաղների դիֆերսիֆիկացված ռեսուրսների բազայի հիման վրա: «ԳեոՊրոՄայնինգի» գործարանները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում: Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգը» ունի երկու կազմակերպություն՝ Արարատի պղնձամոլիբդենային կոմբինատը և ԳՊՄ ԳՈԼԴ ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքավայրը և վերահսկում է Արարատի ոսկու գործարանը:-0-