Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Գինու մրցույթ-համտես է անցկացվել Երևանում «Արենի» գինու փառատոնի շրջանակում

02.10.2014, 16:05
«Արենի» գինու փառատոնի շրջանակում հինգշաբթի Երևանում գինու` ավանդական դարձած մրցույթ-համտես է անցկացվել:

Գինու մրցույթ-համտես է անցկացվել Երևանում «Արենի» գինու փառատոնի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արենի» գինու փառատոնի շրջանակում հինգշաբթի Երևանում գինու` ավանդական դարձած մրցույթ-համտես է անցկացվել:

Վայոց Ձորի մարզում հոկտեմբերի 1-5-ը տեղի ընթանում է «Արենի» գինու և բերքի 6-րդ ավանդական փառատոնը: Փառատոնի կազմակերպիչն է ««Արենի» փառատոն» հիմնադրամը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ Հայկական համայնքների միության, Վայոց Ձորի մարզպետարանի և Միջազգային համագործակցության գերմանական միության (GIZ) հետ համատեղ:

«Մրցույթն անցկացվում է արդեն չորրորդ տարին և ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում գինու արտադրողների շրջանում: Մենք արտերկրից հրավիրում ենք սոմելիեների, ովքեր հայկական գինիների որակի և համի անկախ գնահատական են տալիս, նրանց կարծիքը շատ կարևոր է ընկերությունների համար, հատկապես արտահանման տեսանկյունից»,- ասաց Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը:

Մրցույթ-համտեսին մասնակցեցին Հայաստանի գինու ինն արտադրող ընկերություններ, որոնք ներկայացրեցին կարմիր և սպիտակ չոր գինիներ գնային տարբեր հատվածներում: Ժյուրիի կազմում են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի փորձառու սոմելիեներ: Հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 4-ին «Արենի» գինու փառատոնի միջոցառումների ընթացքում:

Միրզոյանը նշեց, որ նախորդ մրցույթների հաղթողներն իրենց մրցանակների մասին տեղեկություն են տեղադրում իրենց պիտակների վրա, ինչը խթանում է վաճառքների աճը: Մրցույթը նպաստում է արտադրողների շրջանում մրցակցությանը, ինչը բերում  է գինիների որակի բարձրացմանը:

«Մրցույթի շրջանակում Հայաստան են ժամանում հյուրեր արտերկրից, ովքեր հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական գինիներին, ինչը թույլ է տալիս ընդլայնել դրանց արտահանումը: Ներկայում հայկական գինիների իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է»,- ասաց Միրզոյանը:

Ըստ նրա` հայկական գինիները սկսում են մտնել Եվրոպայի, Չինաստանի, Բալթյան երկրների, ԱՄՆ-ի շուկաները: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի Հայաստանն արտադրում է ավելի բարձր գնային հատվածի ավելի որակյալ գինիներ:

«Այս տարվա առաջին կիսամյակում հայկական գինիների արտահանումն աճել է գրեթե 50 տոկոսով: Յուրաքանչյուր տարի հայտնվում են 3-5 նոր գինեգործական ընկերություններ, որոնք օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ և միտված են դեպի արտահանումը»,- ասաց Միրզոյանը:
Ըստ նրա` գինեգործությունը հայկական տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից է:

Հայաստանում արտադրված գինիների ծավալը 2014 թվականի հունվար-հունիսին 2013 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվել է 10.3 տոկոսով` մինչև 2 714,8 հազար լիտր: -0-