Գողացված մեքենաների սեփականատերերը կազատվեն գույքահարկից

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում ավտոմեքենաների սեփականատերերը կազատվեն գույքահարկ վճարելուց, եթե մեքենան գողացվել է։ ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում համապատասխան որոշում է կայացրել՝ հավանություն տալով Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններին։
Գործադիրի հավանության են արժանացել «Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Նախագծի ընդունման արդյունքում հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով, կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից, իսկ համայնքն իրական հնարավորություն կստանա հանցագործության հիմքով հափշտակված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոխարեն փոխադրամիջոցի գույքահարկի գծով առաջացած հարկային պարտավորության արժեքի չափով որպես հանցագործությամբ պատճառված վնաս գումար գանձել հանցանք կատարած անձից։
Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Օրենսգրքի 245-րդ հոդվածում՝ սահմանելով, որ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաև հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով։
Գործող կանոնակարգի համաձայն՝ սեփականատերը պարտավոր է գույքահարկ վճարել, նույնիսկ եթե նրա մեքենան նշված է որպես գողացված, և այդ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։