Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշն I եռամսյակում աճել է 4.4 կետով` մինչև 55.7

08.05.2014, 16:17
Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշն 2014 թվականի առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 4.4 կետով` մինչև 55.7, հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ Մարտին Գալստյանը։
Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշն I եռամսյակում աճել է 4.4 կետով` մինչև 55.7
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշն 2014 թվականի առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 4.4 կետով` մինչև 55.7, հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ Մարտին Գալստյանը։

Միաժամանակ տվյալ ցուցանիշը նվազել է 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 0.5 կետով։

Ըստ նրա` գործարար միջավայրի ցուցանիշի աճը 2014 թվականի առաջին եռամսյակում պայմանավորված է դրա բոլոր ագրեգատների բարձրացումով։ Մասնավորապես, շինարարության ոլորտի ցուցանիշն աճել է 6.9 կետով` կազմելով 54.5։ Արդյունաբերության ցուցանիշն աճել է 3.5 կետով` մինչև 56.3։ Նշված ժամանակահատվածում առևտրի ցուցանիշն աճել է 5 կետով` կազմելով 56.8, իսկ ծառայությունների ոլորտի ցուցանիշն ավելացել է 2.9 կետով` մինչև 55։

Գալստյանը նշեց, որ ցուցիչը կազմելիս ամենանշանակալի իրադարձությունը ներկայիս իրավիճակի և շինարարության ոլորտի հետագա զարգացումների ակնկալիքների դրական ընկալումն էր։ «2014 թվականի առաջին եռամսյակում գրանցված ամենահետաքրքիր փաստը շինարարության ոլորտի ցուցանիշն է»,– ասաց Գալստյանը լրագրողներին։

Այս տարվանից Հայաստանի Կենտրոնական բանկը վերանայել է անցկացվող բիզնես–հարցումների հիման վրա հաշվարկվող ցուցանիշների դուրսբերման մեթոդաբանությունը` միավորելով գործարար միջավայրի և գործարար ակտիվության ցուցանիշը գործարար միջավայրի ընդհանուր ցուցանիշի մեջ։

Գործարար ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է արտադրության ծավալների վերաբերյալ հարցվածների գնահատման և սպասման, արտադրության պատվերների և արտադրական պաշարների ակնկալվող փոփոխությունների միջինացված մեթոդի հիման վրա։

Գործարար միջավայրի ցուցանիշը հաշվարկվում է կազմակերպությունների` ընդհանուր տնտեսական վիճակի և ռիսկերի փոփոխությունների վերաբերյալ գնահատականների միջինացման միջոցով։  

2005 թվականի սկզբից ԿԲ–ն անցկացնում է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ։ Դրանց նպատակն է` գնահատել ներկայիս տնտեսական դրությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ, գնահատել հետազոտվող օբյեկտների տնտեսական ակնկալիքները, հաշվարկել և հրապարակել տնտեսական բաղկացուցիչ ինդեքսները հարցումների արդյունքների հիման վրա։ -0-