Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Գործադիրը հավանություն է տվել ԼՂՀ–ի 2013 թվականի պետբյուջեի նախագծին

28.11.2012, 17:58
Նախօրեին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության նիստ` պետբյուջե-2013-ի ձևավորմանն առնչվող հարցերի օրակարգով:
Գործադիրը հավանություն է տվել ԼՂՀ–ի 2013 թվականի պետբյուջեի նախագծին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նախօրեին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության նիստ` պետբյուջե-2013-ի ձևավորմանն առնչվող հարցերի օրակարգով:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության գալիք տարվա ֆինանսական հիմնական փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես է եկել ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը: Ներկայացնելով «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի  նախագիծը` նա հրապարակել է նախանշվող  գլխավոր թվերը. եկամուտներ`շուրջ 70 մլրդ 294 մլն դրամ, ծախսեր` 71 մլրդ 50 մլն դրամ, պակասուրդ` մոտ 756 մլն դրամ:

Ֆինանսական այդ չափաբաժիններով պետք է գործի երկիրը  հաջորդ տարի: Դրանք դեռ վերջնական որոշակի ցուցանիշները չեն: Խորհրդարանը ևս պետք է իր խոսքն ասի, սակայն սպասվող ֆինանսական ընդհանուր տեղաշարժը 2013-ին լինելու է վերոնշյալ սահմաններում:

Թևոսյանը շեշտել է, որ բյուջեի նախագիծը կազմվել է ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրում արտահայտված  հիմնական դրույթների և կառավարության գործունեության ծրագրի հիման վրա: Փաստաթղթի պատրաստման ժամանակ որպես գլխավոր նպատակակետեր են նկատի առնվել հանրապետության տնտեսական զարգացումը, բնակչության բարեկեցության բարձրացումը և երկրի պաշտպանության ամրապնդումը: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ` հաջորդ տարի նախատեսվում է 9% տնտեսական աճ, կաճեն սեփական եկամուտները: Բյուջեի 25,4%-ը կուղղվի  սոցիալական կարիքներին, որը բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատությամբ: Ֆինանսական բավարար հնարավորություններ են ստեղծված` հաջողությամբ շարունակելու նախկինում սկսած պետական ծրագրերը և ձեռնամուխ լինելու նոր նախագծերի իրագործմանը: Առաջիկա հունվարի 1-ից հանրապետությունում որպես նվազագույն աշխատավարձ կսահմանվի ամսական 35 հազար դրամը` գործող 32,5 հազարի փոխարեն:

Նիստում պետբյուջե 2013-ի առնչությամբ հակիրճ իր նկատառումներն է հայտնել վարչապետ Ա.Հարությունյանը: Նա նկատել տվեց, որ նախագծում ծախսերի մասով շոշափելի բարձրացումներ չեն նախատեսված, հիմնական միջոցները կուղղվեն տնտեսության զարգացմանը և դեֆիցիտի կրճատմանը: Պարզաբանվեց, որ հանրապետությունում աշխատավարձերը և թոշակները հիմնականում կմնան անփոփոխ, ինչը պայմանավորված է ՀՀ-ի հետ միասնական քաղաքականություն վարելու թելադրանքով: Պետությունը լուրջ ներդրումներ է կատարելու փոքր ու միջին ձեռնարկատիրության և գյուղատնտեսության բնագավառներում: Վարչապետը հայտարարել է, որ մասնավոր հատվածից ևս գալիք տարի ծավալուն ներդրումներ կիրականացվեն, մասնավորապես, հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում: Կառավարության ղեկավարի խոսքով` 2013-ը համեմատաբար թեթև տարի է լինելու: Նախատեսվող տնտեսական ծրագրերն իրագործելու դեպքում, վարչապետի կանխատեսմամբ, 2014թ. պետբյուջեն արդեն կլինի ավելի քան 78 մլրդ դրամի սահմաններում: Նա կարևոր նախանշում համարեց այն, որ հաջորդ տարի պետական միջոցների հատկացումներն էապես ավելանալու են առողջապահության բնագավառում, ինչը թույլ կտա նշանակալիորեն բարելավել բնակչության բժշկական սպասարկումը:

Պետբյուջեի օրինագիծը արժանացել է գործադիրի հավանությանը: Այն կներկայացվի Ազգային ժողով, որտեղ և կշարունակվեն փաստաթղթի քննարկումները: Հավանություն են տրվել նաև պետբյուջեին ուղեկից մի շարք օրինագծերի: Դրանց մեծ մասը վերաբերում է հարկային դաշտին: Ներկայացված օրինագծերի առնչությամբ պարզաբանումներ է տվել ԼՂՀ հարկային պետական ծառայության պետ Ա.Բալայանը: Շահութահարկի, եկամտահարկի, առևտրի հարկի, ավելացված արժեքի հարկի, հաստատագրված և արտոնագրային վճարների, ակցիզային հարկի մասին և այլ օրենքներում առաջարկվող լրացումներով և փոփոխություններով, ըստ հանրապետության գլխավոր հարկահավաքի, հաջորդ տարի պետբյուջե մուտքագրվող հարկային հոսքերը կավելանան 600-650 մլն դրամով:

Պետությանը վճարումների չափը կբազմապատկվի հանքարդյունաբերությունից, որտեղ արձանագրվում են մեծ շահույթներ: Դրան է նպատակաուղղված նաև այն օրինագիծը, որով փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում «ԼՂՀ բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում: Այդ խնդրի կապակցությամբ վարչապետ Ա.Հարությունյանը անդրադարձել է, որ բնօգտագործման ոլորտից պետական մուտքագրումների մեծ հնարավորություններ կան, որոնք նպատակային ձևով պետք է ուղղվեն մեր երկրի սոցիալ-տնտեսական կարիքներին: Այս բնագավառում ավելացող հարկերը բացասաբար չեն ներազդելու ներդրումների ծավալների վրա` հայտարարել է Ա.Հարությունյանը:-0-