Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

«Գրոզնի Ավիա» ընկերությունը ծրագրում է Սիմֆերոպոլից Երևան թռիչքներ իրականացնել

29.07.2014, 14:23
«Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը ծրագրում է ընդլայնել «Սիմֆերոպոլ» օդանավակայանից միջազգային թռիչքների աշխարհագրությունը և չարտերային չվերթներ սկսել դեպի Ստամբուլ, Անթալիա և Երևան, երեքշաբթի ասել է ավիաընկերության առևտրային տնօրեն Սերգեյ Պետրովը։
«Գրոզնի Ավիա» ընկերությունը ծրագրում է Սիմֆերոպոլից Երևան թռիչքներ իրականացնել
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը ծրագրում է ընդլայնել «Սիմֆերոպոլ» օդանավակայանից միջազգային թռիչքների աշխարհագրությունը և չարտերային չվերթներ սկսել դեպի Ստամբուլ, Անթալիա և Երևան, երեքշաբթի ասել է ավիաընկերության առևտրային տնօրեն Սերգեյ Պետրովը։

«Մենք ծրագրում ենք «Սիմֆերոպոլ» օդանավակայանից միջազգային չվերթներ սկսել դեպի Ստամբուլ, Երևան և Անթալիա։ Բայց մեզ համար առաջնահերթ խնդիրը Ստամբուլի կանոնավոր չվերթներ սկսելն է, քանի որ մեզ համար դա ամենապահանջված ուղղությունն է։ Մենք ցանկանում ենք կապել Սիմֆերոպոլն Աթաթուրքի անվան օդանավակայանի հետ»,– ասել է Պետրովը։

Դեպի Ստամբուլ կանոնավոր չվերթները ծրագրվում է սկսել օգոստոսի կեսին, իսկ չարտերային ավիահաղորդակցությունը Երևանի և Անթալիայի հետ ընկերությունը մտադիր է հաստատել այս տարվա սեպտեմբեր–հոկտեմբերին։ Միաժամանակ, դեպի Ստամբուլ և Անթալիա թռիչքները կիրականացվեն Անապայում տեխնիկական վայրէջքով, իսկ Սիմֆերոպոլ–Երևան ավիաչվերթն ուղիղ կլինի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Պետրովը նշել է, որ «Գրոզնի Ավիա» ընկերությունն արդեն ստացել է Սիմֆերոպոլից Երևան, Ստամբուլ և Անթալիա միջազգային չվերթների իրականացման թույլտվություն Ռոսավիացիայից, մնում է սպասել Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների և ավիացիոն իշխանությունների թույլտվությանը։ Այս հարցը դիվանագիտական գերատեսչությունների համաձայնեցման փուլում է։

«Սիմֆերոպոլ» օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթները Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկումից հետո։ «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը հուլիսի 19–ին կատարել է «Սիմֆերոպոլ–Ստամբուլ» առաջին փորձնական չվերթը` տեխնիկական վայրէջք կատարելով Անապայում։ -0-