Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երևանում անշարժ գույքի շուկայի իրավիճակը մինչև տարեվերջ կայուն կմնա

12.09.2014, 16:12
Երևանում անշարժ գույքի շուկայի իրավիճակը մինչև տարեվերջ կայուն կմնա, հայտարարեց Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին:
Երևանում անշարժ գույքի շուկայի իրավիճակը մինչև տարեվերջ կայուն կմնա
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում անշարժ գույքի շուկայի իրավիճակը մինչև տարեվերջ կայուն կմնա, հայտարարեց Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին:

«Հնարավոր է, որ հաջորդ տարի անշարժ գույքի գները մի փոքր նվազեն, ինչը պայմանավորված է Ռուսաստանից իրականացվող փոխանցումների ծավալների նվազմամբ, որն էլ իր հերթին կապված է ուկրաինական ճգնաժամի հետ: Թեև հիմա հնարավոր չէ ավելի հստակ կանխատեսումներ անել», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պրիբիլսկին:

Խոսելով անշարժ գույքի շուկայի միտումների մասին՝ նա նշեց, որ ընդհանուր առմամբ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո անշարժ գույքի վաճառքի մարկետինգային ժամկետն ավելացավ, և այդ իրավիճակը մինչև հիմա չի փոխվել:

«Հայաստանի անշարժ գույքի շուկայում ճգնաժամը մինչև հիմա շարունակվում է: Անշարժ գույքի արժեքի վրա տարբեր գործոններ են ազդում: Այսպես՝ նվազմանը նպաստում է տնտեսության ոչ մեծ աճը և միգրացիան, իսկ բարձրացմանը՝ բնակարանային պայմանները լավացնելու մեր ցանկությունն ու հիփոթեք ձևակերպելու հնարավորությունը», - ասաց բորսայի տնօրենը:

Պրիբիլսկին նաև նշեց այն փաստը, որ բնակարանների երկրորդային շուկան շատ ավելի ակտիվ է, քան առաջնայինը, ինչը պայմանավորված է Հայաստանում շինարարության տեմպերի նվազմամբ:

«Անշարժ գույքի շուկան աշխուժացնելու համար հարկավոր է ճիշտ քաղաքականություն իրականացնել ներդրողների, կառուցապատողների և ռիելթերների նկատմամբ», - ասաց նա:

Այս տեսակետից Պրիբիլսկին դրական գնահատեց անշարժ գույքի վերաբերյալ տվյալների միասնական բազայի ստեղծումը, ինչը նպաստում է այդ ոլորտում մեքենայությունների ռիսկի նվազմանը:

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ 2014 թ.-ի հուլիսին Հայաստանում անշարժ գույքի հետ կապված 19506 գործարք է իրականացվել, ինչը 13,2 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Միաժամանակ Երևանի բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսի մետր բնակելի մակերեսի միջին շուկայական արժեքը այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, ավելացել է 0,04 տոկոսով, իսկ մարզերում  այն չի փոխվել:-0-