Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանն ի վիճակի է կրկնապատկել դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանման ծավալները. նախարար

23.08.2014, 17:07
Հայ արտադրողները կարող են կրկնապատկել ռուսական շուկա արտահանվող գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները, կարծում է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Հայաստանն ի վիճակի է կրկնապատկել դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանման ծավալները. նախարար
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Հայ արտադրողները կարող են կրկնապատկել ռուսական շուկա արտահանվող գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները, կարծում է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

«Շատերը թերահավատորեն են վերաբերվում նման հայտարարություններին, սակայն ես վստահ եմ, որ մենք իսկապես կարող ենք դա անել, քանի որ պտուղ–բանջարեղենային մշակաբույսերի բավականին մեծ պաշարներ ունենք։ Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը շատ կարևոր քայլ է մեզ համար մեր արտադրանքի իրացման տեսանկյունից»,– ասաց նախարարը։

Ըստ նրա` որոշ երկրներից Ռուսաստան մտնող ապրանքների էմբարգոն կարող է նպաստել Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալի կրկնապատկմանը։

«Ռուսական շուկան մեզ համար նորություն չէ։ Մենք արդեն պաշտոնական նամակ ենք ստացել ՌԴ գյուղատնտեսության նախարարությունից, որում մեր գործընկերները խնդրում են հստակեցնել Հայաստանից գյուղմթերքի մատակարարումների հնարավոր ծավալները։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,– պարզաբանեց Կարապետյանը։

Կարապետյանը նշեց նաև, որ ռուսական շուկայում հայկական մսամթերքի էական պահանջարկ կա, բայց տվյալ ոլորտում համագործակցության հարցերը կներկայացվեն ավելի ուշ։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2014 թվականի առաջին կիսամյակում կազմել է 596 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.5 տոկոսով։ Հայաստանից Ռուսաստան արտահանումը հունվար–հունիսին կազմել է մոտ 133.9 մլն դոլար` նվազելով 6.4 տոկոսով, իսկ ՌԴ–ից Հայաստան ներկրումը կազմել է 462 մլն դոլար` ավելանալով 1.4 տոկոսով։ -0-