Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հանքարդյունաբերության ոլորտը Արցախի տնտեսության ամենաերիտասարդ, բայց ռազմավարական ու հեռանկարային ճյուղերից է. նախագահ

18.02.2013, 19:34
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքներին և 2013 թվականի անելիքներին:
Հանքարդյունաբերության ոլորտը Արցախի տնտեսության ամենաերիտասարդ, բայց ռազմավարական ու հեռանկարային ճյուղերից է. նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքներին և 2013 թվականի անելիքներին:

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ Նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանը, երկրաբանահետախուզական և լեռնահանքային ձեռնարկությունների ղեկավարները եւ պատասխանատու աշխատողներ:

Իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը մեր տնտեսության ամենաերիտասարդ, բայց ռազմավարական ու հեռանկարային ճյուղերից է, որն ունի խոստումնալից հնարավորություններ` դառնալու տնտեսության շարժիչ ուժն ու զբաղվածության կարեւոր աղբյուրներից մեկը և արդեն իսկ ապահովում է արդյունաբերական արտադրանքի ու պետական բյուջեի ընդհանուր մուտքերի պատկառելի մասը:

Ըստ երկրի ղեկավարի, վերջին տարիներին բավականին աճել են ոլորտում իրականացվող կապիտալ ներդրումների ծավալները` ինչպես պետական բյուջեի, այնպես էլ մասնավոր հատվածի հաշվին՝ կարեւոր համարելով ոլորտում մենաշնորհային դրսեւորումների բացակայությունը, ինչը խթանում է առողջ մրցակցությունը եւ տնտեսության դինամիկ զարգացումը:

Նախագահը հատուկ ընդգծել է, որ հանքարդյունաբերության զարգացումը պետք է ընթանա բնօգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության նորմերի խստիվ պաշտպանությամբ: Երկրի ղեկավարը շեշտել է, որ եւ ընդերքը, եւ բնությունը Արցախի հարստությունն են, եւ մեկի զարգացումը չպետք է լինի մյուսի հաշվին՝ հավելելով, որ ապագա սերունդներին պետք է թողնել առողջ շրջակա միջավայր եւ դինամիկ զարգացող տնտեսություն:

Նախագահ Սահակյանը անդրադարձել է նաև ոլորտում առկա խնդիրներին ու անելիքներին և համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, լեռնահանքային ոլորտի ներկայացուցիչներ, անվանի մասնագետներ Հայաստանից եւ արտերկրից, պաշտոնատար այլ անձինք:-0-