Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
449.14
RUB
4.9007
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Հարկային ու ֆինանսական ոլորտի խնդիրները խանգարում են ներդրումների աճին Հայաստանի կապիտալի շուկայում. Fidelity Investments

22.04.2013, 18:12
Հարկային ու ֆինանսական ոլորտի մի շարք խնդիրներ դեռ խանգարում են օտարերկրյա ներդրումների աճին Հայաստանի կապիտալի շուկայում, կարծում է Fidelity Investments ընկերության զարգացող շուկաների ռազմավարության գծով փոխնախագահ, Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անկախ անդամ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին։
Հարկային ու ֆինանսական ոլորտի խնդիրները խանգարում են ներդրումների աճին Հայաստանի կապիտալի շուկայում. Fidelity Investments
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հարկային ու ֆինանսական ոլորտի մի շարք խնդիրներ դեռ խանգարում են օտարերկրյա ներդրումների աճին Հայաստանի կապիտալի շուկայում, կարծում է Fidelity Investments ընկերության զարգացող շուկաների ռազմավարության գծով փոխնախագահ, Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անկախ անդամ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին։

«Եթե խոսենք կապիտալի շուկայի զարգացման համար առկա խոչընդոտների մասին արտասահմանյան ներդրողի տեսանկյունից, թեպետ ես մանրուքներին ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ պետք է խաղի ավելի հստակ կանոններ մշակել և որոշ տեխնիկական խնդիրներ լուծել»,– երկուշաբթի ասաց նա լրագրողներին։

Նրա խոսքով` չնայած վերջին տասնամյակում ունեցած առաջընթացին ու մասնավորապես Կենտրոնական բանկի կատարած աշխատանքին, դեռևս ներդրողների համար կան որոշ խոչընդոտներ, որոնք կապված են հարկային կարգավորման, գանձապետարանի գործառույթների հստակեցման, վճարահաշվարկային համակարգի կայացման հետ։

Միաժամանակ նա նշեց, որ որոշակի պահանջարկ է նկատվում գանձապետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու առումով։

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին Հայաստան է ժամանել ապրիլի 19-ին, որպեսզի
Ամերիաբանկի կազմակերպած «Գլոբալ տնտեսական հեռանկարներն ու զարգացող շուկաների դերը» թեմայով քննարկման ժամանակ իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցի հայ ձեռնարկատերերին։

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին միջազգային ակտիվների կառավարման ավելի քան 23 տարվա փորձ ունի։

Fidelity Investments–ը աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկն է ֆինանսական ծառայությունների շուկայում։ 2012 թվականի դեկտեմբերի տվյալներով ընկերության ակտիվների ծավալը հասել է 1.4 տրլն դոլարի։
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ «Ամերիաբանկը» Հայաստանի առաջին ներդրումային բանկն է և, 2007 թվականից սկսած, նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ է տրամադրում։ –0–