Հաստատվել է ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը։
Այն պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։
Ըստ հիմնավորման՝ արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թ. հունիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակներում արտահանման ենթակա պտղի ծավալները կկազմեն շուրջ 11.5 հազար տոննա, այդ թվում՝ ծիրանը՝ 7000, կեռասը՝ 2000, սալորը՝ 2000, դեղձը և նեկտարինը՝ 500, շշալցված խաղողի գինունը՝ 290 հազար լիտր, բրենդիինը՝ 800 հազար բացարձակ լիտր, իսկ հանքային ջրինը՝ 2000 հազար լիտր։
Որոշմամբ առաջարկվում է ՀՀ տարածքից 2026 թ. հունիս ամսվա ընթացքում թարմ պտուղ, շշալցված խաղողի գինի, բրենդի և հանքային ջուր արտահանող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝ ծիրանի 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ, կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ, շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ, շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ։
Արդյունքում` որոշակիորեն կմեղմվեն առանձին ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, հնարավորություն կտրվի դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը և ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացի ապահովմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով փոխհատուցման չափերը, հորդորել է վերահսկել, մոնիթորինգ իրականացնել՝ այս համատեքստում հնարավոր անտրամաբանական գների աճը կանխելու նպատակով։
Վարչապետը հետաքրքրվել է նախորդ նիստում ընդունված ծրագրի արդյունքներով։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ծաղկի օրինակը ներկայացնելով, նշել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում՝ հունիսի 1-ից արտահանվել է 961 000 ծաղիկ.
«Ընդհանուր առմամբ, եթե դիտարկում ենք աշխարհագրությունը, թե որ երկրներ են արտահանվել, դրանք Արաբական Միացյալ Էմիրություններ են, Ռումինիա, Բուլղարիա, Լատվիա, Կիպրոս, Նիդեռլանդներ և այդպես շարունակ, ցանկը մեծ է։ Այստեղ նաև առաջանում են այլ հնարավորություններ, քանի որ նոր համագործակցային կապեր են ստեղծվում և նոր մատակարարման շղթաներ են ձևավորվում։ Սկզբնական փուլում, միգուցե, փոքր զսպվածություն լինի քանակների առումով, բայց երկարաժամկետ գործընկերություն է ստեղծվում, այդ թվում նաև հոլանդական ծաղիկների բորսայի հետ, որտեղ աշխատանքներ ենք իրականացնում։ Երեկ արդեն մեկ կազմակերպություն գրանցվել է»։
Վարչապետը տեղեկացրել է, որ նաև Նիդեռլանդների վարչապետն է իրեն գրել անձնական նամակով և նշել, որ հատուկ ուշադրություն են դարձնում այդ հարցին և կաջակցեն վարդ շուկայի հայ տնտեսվարողներին։ «Ութ տարի մենք մեր տնտեսվարողներին աջակցում ենք, խնդրում ենք, հորդորում ենք, որպեսզի ապրանքները բերեն ստանդարտի։ Սրա մասին այս դահլիճում տասնյակ անգամներով խոսել ենք։ Եվ հիմա եկել է այն պահը, որպեսզի մենք հասկանանք՝ ովքեր են այդ հորդորներին և աջակցության ծրագրերին արձագանքել, ովքեր չեն արձագանքել։ Վստահ եմ, որ նրանք, ովքեր արձագանքել են, ընդհանրապես ոչ մի խնդիր չեն ունենալու», -ասել է Նիկոլ Փաշինյանը։