Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-Հարավ մայրուղի» և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ, Հնդկաստանի և Իրանի ԱԳ ներկայացուցիչները Թեհրանում եռակողմ խորհրդակցություններ են անցկացրել , Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC), ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում՝ այդ նպատակով օգտագործելով Չաբահարի նավահանգստի ռազմավարական դիրքը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Սա ձևաչափով երրորդ հանդիպումն է։
Գերատեսչության տեղեկացմամբ, ամփոփվել է 2023թ. ապրիլին Երևանում կայացած առաջին հանդիպման և 2024թ. դեկտեմբերին Նյու Դելիում կայացած երկրորդ հանդիպման ընթացքում ընդունված որոշումների արդյունքներով գրանցված առաջընթացը։
Կողմերը նաև ընդգծել են նշված հանդիպումների արդյունքներով սահմանված նպատակների իրականացման կարևորությունը՝ փոխադարձ շահերը երաշխավորելու և տարածաշրջանում բարգավաճումն ու բարեկեցությունը խթանելու նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը։
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվել է, որ եռակողմ հաջորդ հանդիպումը կանցկացվի Հայաստանում՝ համաձայնեցված ժամկետներում։
Գերատեսչությունից հայտնում են, որ իրանական պատվիրակությունը գլխավորում էր ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Բահրամին, հնդկական պատվիրակությունը գլխավորում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Անանդ Պրակաշը, իսկ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը։