Հայաստանը չի դիմել Հակաճգնաժամային հիմնադրամին` ՀԱԷԿ–ի աշխատանքների ֆինանսավորման հայտով
12.11.2013,
18:13
Հայաստանը հայտեր չի ներկայացրել Հակաճգնաժամային հիմնադրամին` Հայկական ԱԷԿ–ի աշխատանքների ֆինանսավորման խնդրանքով, նոյեմբերի 12–13–ը ԵԶԲ–ի կողմից անցկացվող «Եվրասիական ինտեգրման խորացումը և ընդլայնումը» միջազգային VIII համաժողովի շրջանակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Սերգեյ Շատալովը։
ՄՈՍԿՎԱ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հայտեր չի ներկայացրել Հակաճգնաժամային հիմնադրամին` Հայկական ԱԷԿ–ի աշխատանքների ֆինանսավորման խնդրանքով, նոյեմբերի 12–13–ը ԵԶԲ–ի կողմից անցկացվող «Եվրասիական ինտեգրման խորացումը և ընդլայնումը» միջազգային VIII համաժողովի շրջանակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Սերգեյ Շատալովը։
«Դեռ Հայաստանի հետ մենք բանակցում ենք միայն ներդրումային նախագծերի վերաբերյալ, իսկ ՀԱԷԿ–ը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների երկկողմ հարցն է»,– ասաց Շատալովը։
Սեպտեմբերի 3–ին իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ «Ռոսատոմի» մասնագետները պայմանավորվածություն են ձեռք բերել հայ փորձագետների հետ համատեղ ջանքերը կենտրոնացնել Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով` մինչև 2026թ.–ը, երկարացնելու նախագծի իրականացման ուղղությամբ։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Հայկական հին ԱԷԿ–ի շահագործման նախագծային ժամկետի աշխատանքներն ավարտելու համար կպահանջվի առնվազն 150 մլն դոլար։
Հայկական ԱԷԿ–ը տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտ (Երևանից մոտ 30 կմ դեպի հարավ)։ ԱԷԿ–ը կառուցվել է 1980թ.–ին, ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է 1989թ.–ի մարտին` 1988թ.–ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, որի հետևանքով 25 հազար մարդ զոհվեց։ ՀԱԷԿ–ը կրկին գործարկվել է 1995թ.–ի նոյեմբերին` հանրապետությունում առկա էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Ներկա պահին գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ։–0–