Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանը և Թուրքմենստանը կբարելավեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման պայմանները. Սարգսյան

29.11.2012, 16:35
Հայաստանն ու Թուրքմենստանը պայմանավորվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտության մասին, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանը և Թուրքմենստանը կբարելավեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման պայմանները. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Թուրքմենստանը պայմանավորվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտության մասին, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այսօրվա բանակցությունների արդյունքում ստորագրվել են մի քանի կարևոր համաձայնագրեր և համատեղ կոմյունիկե, որում արտացոլվել է փոխշահավետ տնտեսական գործընկերության ամրապնդման ձգտումը, մասնավորապես էներգետիկայի, գյուղատնտեսության, տեքստիլ և քիմիական արդյունաբերության ոլորտներում»,- հինգշաբթի Երևանում հայտարարեց Սարգսյանը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

Նախագահի խոսքով` կողմերը պայմանավորվել են առևտրային հարաբերությունների, արդյունաբերական և ներդրումային համագործակցության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, ինչպես նաև երկու երկրների բիզնես-սուբյեկտների միջև անմիջական կապերի հաստատման մասին:

Այս առիթով Սարգսյանը նշեց, որ հայ-թուրքմենական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, որի իրագործումը, անկասկած, համապատասխանում է երկու երկրների բարեկամության շահերին:

Նախագահը համոզմունք հայտնեց, որ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները հնարավոր է ավելացնել համատեղ ջանքերով:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Թուրքմենստանի միջև 2012 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է մոտ 17,8 մլն դոլար՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի 23,5 մլն դոլարի դիմաց: Հայաստանի և Թուրքմենստանի միջև ապրանքաշրջանառության տեսակարար կշիռն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունում կազմել է 0,4 տոկոս, իսկ ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառությունում՝ 1,5 տոկոս: -0-