Հայաստանը համաձայնեցնում է «Թրամփի ուղու» իրավական շրջանակն ԱՄՆ-ի հետ. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ԱՄՆ-ի հետ համաձայնեցնում է «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ներդրումային ծրագրի՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման իրավական շրջանակը։ Այս մասին Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ կարևոր է նշել, թե հիմա ինչ է լինելու, ինչ է միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին: Ինչպես ասացի, դա ներդրումային նախագիծ է Հայաստանի տարածքում և այն ներառելու է երկաթուղի Հայաստանի տարածքով, որը կկապակցի արևելքը և արևմուտքը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կբացի երկաթուղային կապը Հայաստանի համար դեպի հարավ»,-ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ այն նաև նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական Միության համար, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով այժմ մենք մատակարարման շղթաների ճգնաժամ։
«Թրամփի ուղին, որը Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շատ կարևոր մաս է, նոր ճանապարհ, նոր մատակարարման ուղի կստեղծի արևելքից արևմուտք, Եվրոպական միությունից դեպի Կենտրոնական Ասիա, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպական Միություն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։
Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։