Հայաստանը հնարավոր է համարում էլեկտրաէներգիայի առևտուրը Ադրբեջանի հետ․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը ձգտում է ապահովել 100 տոկոսանոց էներգետիկ անկախություն, սակայն դա չի նշանակում հրաժարում էլեկտրաէներգիայի միջազգային առևտրից, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է ինչպես արտահանել, այնպես էլ ներմուծել էլեկտրաէներգիա, այդ թվում՝ այս ոլորտում համագործակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես ներկայում համագործակցում է Իրանի և Վրաստանի հետ։
«Բայց սա չի նշանակում, որ մենք էլեկտրաէներգիայի միջազգային առևտրից դուրս ենք մնալու։ Երբեմն կարող ենք մենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն, գործակցություն, այդ թվում՝ էլեկտրաէներգիա արտահանելու և ներմուծելու մասով, ինչպես մնացած բոլոր երկրների հետ՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի հետ և այդպես շարունակ»,– նշեց Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտարարեց, որ ներդրողների՝ Հայաստանում ԱԲ ոլորտում նոր գործարաններ կառուցելու ծրագրերը ստիպում են վերանայել գործող էներգետիկ ռազմավարությունները՝ նոր պայմաններին համապատասխան կարողություններ ապահովելու համար։
Նա հստակեցրեց, որ Հայաստանի հիմնական ռազմավարությունն էներգետիկ 100 տոկոսանոց անկախության ապահովումն է՝ հաշվի առնելով նաև արևային և կուտակիչ կայանների զարգացման ռեսուրսները։