Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանը մտադիր է ավելացնել առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ և ներգրավել ներդրումներ. Պապոյան

03.09.2025, 12:01
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ՀՀ-ն նախատեսում է ավելացնել առևտրաշրջանառությունը աշխարհի երկրորդ խոշոր տնտեսության հետ և գրավել չինական ներդրումներ
Հայաստանը մտադիր է ավելացնել առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ և ներգրավել ներդրումներ. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանը ակնկալում է ավելացնել առևտրաշրջանառությունը աշխարհի երկրորդ խոշոր տնտեսության հետ և գրավել չինական ներդրումներ, որոնք աշխարհում ամենագրավիչներից են, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի համատեքստում։

Նրա խոսքով, երկու երկրները մտադիր են առևտրի և ներդրումների ոլորտում որոշակիորեն առկա օրենսդրությունն ավելի բարելավել, որ առրևտրաշրջանառությունը, ներդրումային հոսքերը փոխադարձաբար ավելի հեշտ ընթանան:

Նա նաև նշեց, որ կողմերը հանձն են առնում համագործակցությունը խորացնել մի շարք ուղղություններում, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում:

«Ես կարծում եմ, որ հաստատված ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ կբացի ինչպես մեր տնտեսության համար ընդհանուր առմամբ, այնպես էլ, իհարկե, մեր մասնավոր սեկտորի առանձին ներկայացուցիչների համար, որոնք կարող են ոչ միայն ներդրումներ ներգրավել չինական տնտեսությունից, այլ նաև խորացնել մեր առևտրատնտեսական հարաբերությունները: Մասնավորապես, կարող են ինչպես ապրանքներ արտահանել դեպի Չինաստան, այնպես էլ ներմուծել Չինաստանից՝ ավելի պարզեցված, ավելի հեշտացված առևտրային ընթացքակարգերով»,-ասել է նախարարը:

Պապոյանը նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին 2023-ի նկատմամբ ավելացել է 1.7 անգամ: Նա սա լուրջ ցուցանիշ է համարել՝ նկատելով, որ բավականին լավ զարգացումներ են գրանցվել թե՛ արտահանման, թե՛ ներմուծման մասով: 

2024 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 2 մլրդ 280 մլն դոլար: Նախարարը կարծում է, որ այս տարի նույնպես ցուցանիշները կլինեն տպավորիչ: