Հայաստանի բյուջեի պակասուրդը 9 ամսում կազմել է ՀՆԱ–ի 0,73%–ը՝ 2025թ․–ին նախատեսված 5,5% –ի դեպքում․ ՀԲ
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բյուջեի համախառն պակասուրդի աճողական ցուցանիշը 1–ին-3-րդ եռամսյակների ընթացքում հասել է կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.73 տոկոսին՝ համեմատած 2025 թ․ համար նախատեսված՝ ՀՆԱ-ի 5.5 տոկոս պակասուրդի հետ։ Այս մասին նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – November 2025» զեկույցում։
«Սեպտեմբերին գրանցվել է կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.1 տոկոսին հավասար պակասուրդ», – նշվում է ուսումնասիրության մեջ։
Զեկույցում նշվում է, որ հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքային վարկերի հետ կապված եկամտային հարկը) անվանական արտահայտությամբ աճել են 8.7 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված հավաքված ավելի բարձր ԱԱՀ-ով (աճը՝ 25.4 տոկոս, տ/տ), եկամտային հարկերով (աճը՝ 10.7 տոկոս, տ/տ) և շահութահարկերով (աճը՝ 12.6 տոկոս, տ/տ)։
«Սոցիալական վճարները բարձրացան 13.3 տոկոսով (տ/տ), իսկ հավաքված շրջանառության հարկն ավելացավ 53.1 տոկոսով (տ/տ)՝ 2025 թ.-ին շրջանառության հարկերի ավելի բարձր դրույքաչափի շնորհիվ։ Սակայն հավաքված բնապահպանական հարկի ցուցանիշը նվազեց 22.5 տոկոսով (տ/տ)», – նշվում է ուսումնասիրության մեջ։
ՀԲ վերլուծաբանները նշել են, որ ընդհանուր ծախսերն ավելացել են 23 տոկոսով (տ/տ)։
«Կապիտալ ծախսերն ավելացան 79.5 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պաշտպանական ծախսերի ցուցանիշի 50.7 տոկոսով (տ/տ) բարձրանալու հաշվին։ Կրթության ծախսերը գրեթե կրկնապատկվեցին (տ/տ)՝ պայմանավորված շարունակվող դպրոցաշինության և դպրոցների հիմնանորոգման ծրագրերով։ Ընթացիկ ծախսերն անվանական արտահայտությամբ ավելացան 7.8 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում սոցիալական պաշտպանության ծախսերի հաշվին (աճը՝ 8.9 տոկոս, տ/տ)», – նշվում է զեկույցում։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել է, որ բյուջեի պակասուրդը նախատեսվում է կրճատել՝ 2026թ․–ին 5,5%–ից հասցնելով 4,5%–ի, 2027թ․–ին՝ մինչև 3,5%, այնուհետև՝ մինչև 2,8%, իսկ 2030թ․–ին այդ ցուցանիշը նախատեսվում է նվազեցնել մինչև 1%։