Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության մակարդակը երկու տարում նախատեսվում է ավելացնել գրեթե կրկնակի. դեսպան

07.06.2013, 19:27
Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության մակարդակը 1,5–2 տարում նախատեսվում է 2,5  անգամ ավելացնել, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն։
Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության մակարդակը երկու տարում նախատեսվում է ավելացնել գրեթե կրկնակի. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության մակարդակը 1,5–2 տարում նախատեսվում է 2,5  անգամ ավելացնել, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն։

Նա նշեց, որ նման խնդիր են դրել երկու երկրների նախագահները։ Ըստ դեսպանի` երկու երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2012թ.–ի արդյունքներով կազմել է 46 մլն դոլար։

«Մեր նախագահները Երևանում հանդիպման ժամանակ այդ թիվը ծիծաղելի համարեցին, քանի որ Բելառուսի և Հայաստանի ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում դա կազմում է ընդամենը 1 տոկոս, չնայած մեր պոտենցիալը վիթխարի է և պոտենցիալը կապված է նրա հետ, որ մեր տնտեսությունները լրացնում են միմյանց»,– Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20–ամյակի առթիվ կազմակերպված լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուխորենկոն։

Ըստ դեսպանի` հայ–բելառուսական ապրանքաշրջանառության մեջ դրական սալդոն Բելառուսինն է, սակայն Հայաստանն աստիճանաբար ավելացնում է իր արտադրանքի արտահանման ծավալները։

«Այսօր մեզ մոտ գրեթե ամեն տեղ, բոլոր խանութներում կարող եք տեսնել ձեր կոնյակները, ավելի պակաս քանակով` գինիները։ Մենք հուսով ենք, որ նաև ձկնեղենը կարտահանվի»,– ասաց Սուխորենկոն` ավելացնելով, որ բելառուսական կողմը շահագրգռված է հայկական իշխանով և թառափով, որոնց աճեցումը Բելառուցում չափազանց թանկ արժե և առավել շահավետ է ձուկը սառեցնել և Հայաստանից արտահանել։

Նա տեղեկացրեց, որ Բելառուսը Հայաստան է արտահանում տարբեր արտադրանքներ, մասնավորապես` ԲելԱզ–ներ, ՄԱԶ–եր, գյուղատնտեսական տեխնիկա, իսկ Հայ–բելառուսական առևտրային տանը ներկայացված է ավելի քան 10 հազար տեսակի արտադրանք։ –0–