Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
449.14
RUB
4.9007
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 27, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանի և Վրաստանի միջև անլուծելի խնդիրներ չկան. Սարգսյան

17.01.2013, 15:02
Հայ–վրացական հարաբերություններում չկա որևէ հարց, որը կողմերը չկարողանան լուծել համատեղ քննարկումներ ճանապարհով, հինգշաբթի Երևանում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի և Վրաստանի միջև անլուծելի խնդիրներ չկան. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայ–վրացական հարաբերություններում չկա որևէ հարց, որը կողմերը չկարողանան լուծել համատեղ քննարկումներ ճանապարհով, հինգշաբթի Երևանում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Մենք կարծում ենք, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ կա։ Ես շնորհակալ եմ իմ գործընկերոջը, որ նա դրական է արձագանքել մեր բոլոր խնդրանքներին։ Մենք աշխատանքային խմբեր կձևավորենք և կպատրաստվենք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին։ Մենք հետաքրքիր և հեռահար ծրագրեր ունենք բոլոր ոլորտներում»,– ասաց Սարգսյանը։

Նա հայտնեց, որ Իվանիշվիլիի երևանյան այցի շրջանակում երկու համաձայնագիր է ստորագրվել` «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը և մշակույթի ոլորտում համագործակցելու մասին համաձայնագիրը։

«Վստահ եմ, որ ապագայում նոր համաձայնագրեր կստորագրվեն, որոնք մեր համագործակցության խթան կհանդիսանան»,– նշեց Սարգսյանը։

Վրաստանի վարչապետն իր հերթին նշեց, որ սա իր առաջին պաշտոնական այցն է Հայաստան։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար։ Մեր հանդիպումն այնպես անցավ, կարծես մենք իրար մանկուց էինք ճանաչում»,– ասաց Իվանիշվիլին։

«Ես փորձառու քաղաքական գործիչ չեմ, սակայն մեր հանդիպման ընթացքում որևէ դժվարություն չունեցա։ Մենք քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք հավելյալ քննարկման կարիք ունեն, սակայն ես վստահ եմ, որ մենք կարող ենք փոխզիջումների հասնել»,– ասաց Իվանիշվիլին։
 
Նա նշեց, որ դրական է վերաբերվում իր հայ գործընկերոջ առաջարկին, որը վերաբերում է ընդհանուր շուկայի ստեղծմանը։

«Մենք փոքր երկրներ ենք, և դա ցանկալի է մեզ համար։ Մենք նոր կառավարություն ենք և հույս ունենք, որ մեր հարաբերությունները կզարգանան հարևան երկրների հետ։ Մենք ցանկանում ենք, որ այդ հարաբերությունները զարգանան տնտեսական հարթության վրա»,– ասաց Վրաստանի վարչապետը։-0-