Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում ՎԶԵԲ–ի հետ համագործակցությունը

19.07.2013, 17:57
Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։  
Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում ՎԶԵԲ–ի հետ համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։  

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ունեցած երկար տարիների համագործակցության ընթացքում Հայաստանն իրականացրել է մի շարք հաջողված ծրագրեր: Մենք բարձր ենք գնահատում և կարևորում այդ համագործակցությունը: Հայաստանում բազմաթիվ ծրագրեր չէին իրականանա, եթե չլիներ ՎԶԵԲ-ի տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը», - ընդգծել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել համագործակցության արդյունավետ ռազմավարությունը, որն ուղղված է ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանը և մասնավոր հատվածի զարգացմանը:

ՎԶԵԲ-ի նախագահը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության հաջող ընթացքից և անդրադարձել ՎԶԵԲ-ի օժանդակությամբ Հայաստանում  երկրում իրականացվող ՓՄՁ զարգացման, գործարար միջավայրի բարելավման և մի շարք այլ ծրագրերին:

Պարոն Չակրաբարտիի խնդրանքով վարչապետն անդրադարձել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսությունում ստեղծված վիճակին, ներկայացրել տնտեսության զարգացման հեռանկարները և մարտահրավերները: Որպես ճգնաժամից քաղած դասեր` կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացիան, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և բարեփոխումներին նոր թափ հաղորդելը:

Սարգսյանը նաև մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել են ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականացվող համատեղ աշխատանքները: ՎԶԵԲ-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել ՀՀ կառավարությանը ցուցաբերվող օժանդակությունն այդ գործընթացներում: Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարները ևս:

Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, մի կողմից, և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ի դեմս բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի, մյուս կողմից, ստորագրել են վարկային համաձայնագիր` Երևանում ջրամատակարարման ենթակառուցվածքը բարելավելու վերաբերյալ:

Ըստ համաձայնագրի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 5.4 միլիոն եվրո սուվերեն վարկ, որն օգտագործվելու է Երևանի 1.1 մլն բնակչի համար ջրամատակարարումը բարելավելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է Երևանի ջրային համակարգի օպերատոր` «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից և աջակցելու է քաղաքի ջրային ցանցի բարեկարգմանը` բարելավելով ջրի հասանելիությունը և նվազեցնելով ջրի կորուստները: Արդյունքում կվերականգնվեն ջրի բաշխման ցանցի խիստ վատթարացած հատվածները, կփոխարինվեն ջրամատակարարման ցանցի խողովակները, ինչպես նաև տներում կտեղադրվեն նոր ջրաչափեր:--0--