Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի նախագահի թեկնածուն խոստանում է մեկ տարում 5%–ով կրճատել աղքատությունը` հարկման պրոգրեսիվ սանդղակի հաշվին

06.02.2013, 19:01
Հայաստանի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում խոստանում է արդեն 2013 թվականին հասնել աղքատության 5–տոկոսանոց կրճատման` հարկման պրոգրեսիվ սանդղակի ներդրման հաշվին։
Հայաստանի նախագահի թեկնածուն խոստանում է մեկ տարում 5%–ով կրճատել աղքատությունը` հարկման պրոգրեսիվ սանդղակի հաշվին
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում խոստանում է արդեն 2013 թվականին հասնել աղքատության 5–տոկոսանոց կրճատման` հարկման պրոգրեսիվ սանդղակի ներդրման հաշվին։

Բագրատյանի նախընտրական ծրագրի համաձայն, այդ քայլերի շնորհիվ մինչև 2017 թվականն աղքատության մակարդակը կնվազի 15-35 տոկոսով, իսկ ծայրահեղ աղքատության ցուցանիշը չի գերազանցի 2 տոկոսը։

ԱՎԾ հետազոտության արդյունքներով` 2011թ.-ի ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 35 տոկոս: Միաժամանակ փոխանցումները զբաղեցնում են Հայաստանի տնային տնտեսության եկամտի զգալի մասը, չնայած սոցիալական փոխանցումները կազմում են ՀՆԱ-ի ոչ զգալի մասնաբաժինը: Սակայն, դրանց բացակայության դեպքում երկրի աղքատության մակարդակը կաճի՝ հասնելով 53,2 տոկոսի, իսկ աղքատության գծի նկատմամբ սպառման պակասուրդը 7,9 տոկոսից կաճի՝ միջինը հասնելով 21,2 տոկոսի:

 «2012 թվականի սկզբին հայկական տնտեսության 52 տոկոսը կենտրոնացած էր 44 ընտանիքների ձեռքերում, 26 տոկոսը բաժին էր ընկնում 220 հազար մենատնտեսություններին, 65 հազար փոքր ու միջին ձեռնարկություններին, 19 տոկոսը կենտրոնացած էր Ռուսաստանի ձեռքում և 3 տոկոսը` այլ երկրներում»,– ասվում է թեկնածուի ծրագրում, ով կարծում է, որ Հայաստանի տնտեսության գրեթե կեսից ավելին մենաշնորհային է։

Թեկնածուն նշում է նաև որոշ ձեռնարկությունների գործունեության տնտեսական նորմատիվների սահմանման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, համակարգային նշանակության մի շարք ձեռնարկություններում պետք է առաջ քաշվեն պահուստային պարտադիր միջոցներ ունենալու պահանջներ։

Բագրատյանը միաժամանակ վստահ է, որ անհրաժեշտ է հրապարակել սեփականաշնորհված, բայց պարտավորությունները չկատարող ձեռնարկությունների ցուցակները, և օրենքով նախատեսել դրանց լրացուցիչ հարկման մեխանիզմներ։

Բագրատյանի նախընտրական ծրագրում նշվում է նաև սուպերմարկետների գործունեության խիստ կանոնակարգման անհրաժեշտությունը, մասնավորապես, ցանցային կետերի ձևավորման նորմատիվների սահմանումը, քաղաքի տարբեր մասերում դրանց տեղակայման պահանջները։  

Փոքր և միջին բիզնեսի խթանման նպատակով Բագրատյանը 2013-2017 թվականներին առաջարկում է Հայաստանում և ԼՂՀ–ում հիմնել առնվազն երկու տասնյակ նորարարական կենտրոններ, տեխնոպարկեր և լաբորատորիաներ, ինչպես նաև բոլոր մարզկենտրոններում գործարկել բիզնեսի օժանդակության պետական կենտրոններ։

Հրանտ Բագրատյանը Հայաստանի վարչապետ է եղել 1993-1995 թվականներին։ Երկրի առաջին սերնդի բարեփոխումների հեղինակներից է։ Նրա գլխավորությամբ իրականացվել է գների ազատականացում, հողի, առևտրի և ծառայությունների օբյեկտների, սննդի և թեթև արդյունաբերության ձեռնարկությունների մեծամասնության սեփականաշնորհում, հարկային, մաքսային և բանկային ոլորտների բարեփոխումներ։ -0-