Հայաստանի ռիսկի հավելավճարը նվազել է Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո․ ԿԲ
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ռիսկի հավելավճարը նվազել է Հայաստանի, ԱՄՆ–ի և Ադրբեջանի առաջնորդների կողմից հռչակագրի ստորագրումից հետո, հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասուլիսի ժամանակ։
«Եթե Հայաստանը (Ադրբեջանի հետ) ստորագրի համապարփակ և վերջնական խաղաղության պայմանագիրը, ռիսկի հավելավճարն ավելի շատ կնվազի», – հայտարարեց Գալստյանը։ Նա, սակայն դժվարացավ ասել, թե կոնկրետ որքան։
Վաշինգտոնյան հռչակագրի մասին
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։