Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2025թ․–ին աճել է 9,1%–ով
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի հունվար-դեկտեմբերին, 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 9,1%-ով։ Այս մասին հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։
Ընդ որում, անցյալ տարվա դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14%-ով, իսկ նույն տարվա նոյեմբերի համեմատ՝ 23,4%-ով։
2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 3 327 745,1 մլն դրամ՝ 2024 թվականի համեմատ աճելով 4,7%-ով։ Ընդ որում, դեկտեմբերին տարեկան կտրվածքով գրանցվել է 38,6% աճ, իսկ ամսական կտրվածքով՝ 25%–ով։
Անցյալ տարի գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1 057 224,0 մլն դրամ՝ տարեկան ապահովելով 5,6% աճ։
Շինարարության ծավալը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 20,2%-ով և կազմել 810 676,1 մլն դրամ: Դեկտեմբերին տարեկան կտրվածքով գրանցվել է 20,5% աճ, իսկ ամսական կտրվածքով՝ 77,9% աճ:
Միևնույն ժամանակ, ներքին առևտրի շրջանառությունը 2025 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 6 789 902,9 մլն դրամ, ինչը 3%-ով բարձր է 2024 թվականի նույն ցուցանիշից: Դեկտեմբերին տարեկան աճը կազմել է 3,2%, իսկ ամսականը՝ 26,5%:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ծառայությունների ոլորտի ծավալը (առանց առևտրի) 2025 թվականին հասել է 4 089 742,4 մլն դրամի, ինչը 10,5%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը: Դեկտեմբերին տարեկան աճը կազմել է 6,9%, ամսականը՝ 11,9%։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականի պետական բյուջեում ամրագրված է 5,1%-ի չափով, իսկ 2026 թվականի համար՝ 5,4%: Ըստ Կենտրոնական բանկի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (A-B), ակնկալվում է 5,9-5,9% սահմաններում, 2026 թվականին՝ 6,3-4,1%, իսկ 2027 թվականին՝ 4,9-5,3%: