Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի տնտեսության գլխավոր մարտահրավերներն են «ստվերը», գործազրկությունը և միգրացիան. փորձագետ

19.12.2012, 18:58
Հայաստանի տնտեսության առջև այսօր կանգնած գլխավոր խնդիրները շարունակում են մնալ ստվերային տնտեսությունը, գործազրկության բարձր մակարդակը, աշխատուժի արտահոսքը և հայրենական գիտության անմխիթար վիճակը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Հայաստանի տնտեսության գլխավոր մարտահրավերներն են «ստվերը», գործազրկությունը և միգրացիան. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության առջև այսօր կանգնած գլխավոր խնդիրները շարունակում են մնալ ստվերային տնտեսությունը, գործազրկության բարձր մակարդակը, աշխատուժի արտահոսքը և հայրենական գիտության անմխիթար վիճակը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

«Տնտեսական տեսանկյունից ավարտվող տարին Հայաստանի համար ծանր էր, և չնայած որոշակի առաջընթացին` շատ մարտահրավերներ կային»,– ասաց նա։

Տնտեսագետի խոսքով, ավարտվող տարում որոշակի միջոցառումներ են անցկացվել ստվերային տնտեսության դեմ պայքարում, սակայն դրա մակարդակը նախկինի պես բարձր է մնում։

2012 թվականի պետբյուջեի համաձայն, ՀՆԱ–ում հարկերի մասնաբաժինը նախատեսված է 17.36 տոկոսի մակարդակում, ինչը 00.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Միաժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով, Հայաստանում գոյություն ունեն զգալի պահուստներ հարկերի հավաքման բարձրացման և ՀՆԱ–ում հարկերի ցուցանիշի` 4-8 տոկոսով ավելացման համար։

2013 թվականի պետբյուջեով այդ ցուցանիշը ծրագրված է 21.88 տոկոս մակարդակում։

«Չի կարելի չնշել հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններով խաղարկությունների կազմակերպման աշխատանքը, որն ուղղված է մեր քաղաքացիների մտածողության փոփոխությանն այդ հարցում։ Սակայն դեռ գոյություն ունեն մի շարք խնդիրներ, մասնավորապես, հարկային քաղաքականության ոչ բավարար ճկունությունը, և այդ խնդիրները «փակում են, նախևառաջ, փոքր բիզնեսի օդը»,– նշեց նա։

Ինչ վերաբերում է, մասնավորապես, երիտասարդ կադրերի արտահոսքին, ապա, ինչպես ընդգծեց Մանասերյանը, այդ խնդիրը կապված է գիտության ոլորտում առկա խնդիրների հետ։

«Խնդիրը ոչ միայն ոչ բավարար ֆինանսավորումն է, այլ, նախևառաջ, համակարգային փոփոխությունների բացակայությունը։ Այսօր գիտությանը ոչ բավարար ուշադրություն է հատկացվում, և դա երիտասարդ մասնագետների արտահոսքի ու գործազրկության աճի պատճառներից մեկն է։ Անհրաժեշտ է ստեղծել ուսանողների` աշխատանքի տեղավորման մեխանիզմներ, երիտասարդության շրջանում աշխատանքի տեղավորման երաշխիքներ»,– ավելացրեց նա։

Զբաղվածության պետական ծառայության տվյալներով, Հայաստանում զբաղվածության տարածքային կենտրոններում գրանցված գործազուրկների թիվը 2012 թվականի դեկտեմբերի 1–ի դրությամբ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 10.8 տոկոսով` կազմելով 62.7 հազար։ Միաժամանակ գործազուրկների ընդհանուր թվի 21.2 տոկոսը (13,3 тыс.) երիտասարդներ են։

2013 թվականի պետբյուջեում գիտության ոլորտին հատկացվել է 11.2 մլրդ դրամ, ինչը կազմում է ՀՆԱ–ի 0.246 տոկոսը։ -0-