Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

Շուրջօրյա ջրամատակարարումը 2014 թվականին հասանելի կլինի Հայաստանի բաժանորդների 40%–ին. Հայջրմուղկոյուղի

16.05.2014, 13:31
Շուրջօրյա ջրամատակարարումը 2014 թվականին հասանելի կլինի Հայաստանի բաժանորդների 40%–ի համար, ուրբաթ լրագրողներին հայտնեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Շուրջօրյա ջրամատակարարումը 2014 թվականին հասանելի կլինի Հայաստանի բաժանորդների 40%–ի համար, ուրբաթ լրագրողներին հայտնեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը։

«2013 թվականին շուրջօրյա ջրամատակարարումը հասանելի է դարձել Հայաստանի բաժանորդների 38%–ի համար»,– ասաց նա։

Ընկերության տնօրենը միաժամանակ ավելացրեց, որ մինչև 2020 թվականն ընկերությունը ծրագրում է հասցնել այդ ցուցանիշը 100 տոկոսի։

Այս կապակցությամբ Լորենը նշեց, որ այդ ուղղությամբ Հայաստանի կառավարությունը ներդրումային ծրագրերի իրականացման համար 2013 թվականին ընկերությանը մոտ 100 մլն դոլար է հատկացրել։

Հայտնելով, որ հանրապետության բաժանորդների մոտ 98 տոկոսն արդեն ապահովվել է ջրամատակարարմամբ օրական 4 և ավելի ժամով, Լորենը նշեց նաև, որ հանրապետությունում վերջին տասը տարիներին ջրամատակարարման միջին տևողությունը զգալիորեն աճել է։

«Եթե 2004 թվականին հանրապետության ջրամատակարարման միջին տևողությունը կազմում էր օրական 6 ժամ, ապա 2014 թվականին այդ ցուցանիշն արդեն հասել է 17 ժամի»,– նշեց նա։

Լորենը հայտնեց նաև, որ ընկերությունը ջրամատակարարման որակի բարձրացման քայլեր է իրականացնում, բայց այդ նպատակին հասնելու հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ ջրամատակարարման համակարգում անհրաժեշտ ներդրումների պակասը։

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ի կառավարիչը 2004 թվականից «Սաուր» ընկերությունն է, որի հետ պայմանագիրը 2011 թվականին երկարացվել է մինչև 2013 թվականը` ևս մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ։ Ընկերության սպասարկման գոտում են Հայաստանի 10 մարզերի 37 քաղաքներ և 268 գյուղական համայնքներ։ -0-