Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ գնելու և վաճառելու հարցում են հետաքրքրված։
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների միջև փոխանակվել է առուվաճառքի պոտենցիալ ապրանքախմբերի ցանկ:
«Դեռևս ուսումնասիրության գործընթաց է ընթանում»,- ասել է վարչապետը:
«ՀՀ կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, գործարարներին, որոնք հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, օրինակ՝ կառավարությունը մեզ ստիպում է Ադրբեջանից բենզին գնել, ասել ենք, որ այդպիսի հնարավորություն կա»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դրանից հետո երկու կողմերի ընկերությունները կապ են հաստատել միմյանց հետ։
«Եթե չեմ սխալվում, հայկական կողմից երկու ընկերություն է դիմել»,-ասել է նա։
«Առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ բոյկոտի դրսևորում եղավ, որովհետև եղան ցանցեր, որոնք հրաժարվեցին վաճառել այդ բենզինը, ինչը նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունը և մտավախությունը ճիշտ էր։ Ես կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան և հնարավորությունը բաց է բոլորի համար, և ով ուզենա, կարող է դրանից օգտվել։ Ոչ մի սահմանափակում չկա»,-հավելել է Փաշինյանը։