Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանն ու ՄԱԿ–ը կհամագործակցեն կայուն զարգացման ոլորտում

19.12.2025, 17:50
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի կողմից ստորագրվել է 2026 – 2030 թվականների Հայաստան–ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը
Հայաստանն ու ՄԱԿ–ը կհամագործակցեն կայուն զարգացման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի կողմից ստորագրվել է 2026 – 2030 թվականների Հայաստան–ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը, հաղորդում է ՀՀ կառավարությունը։

Ստորագրման արարողությանը մասնակցել են ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները և ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:

Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, ինչից հետո Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը ներկայացրել է փաստաթղթի հիմնական բովանդակությունը և համագործակցության շրջանակը:

Հայաստան-ՄԱԿ համագործակցության զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է փաստաթղթի հաստատումը և դրա շրջանակներում հետագա համատեղ ծրագրերի իրականացումը:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը վճռական է շարունակելու նշված բոլոր ուղղություններով բարեփոխումները և ուրախ է այդ ճանապարհն անցնել Հայաստանի զարգացման գործընկերների հետ միասին:

«Մեր համագործակցության նոր շրջանակը լիովին համահունչ է Կառավարության գերակայություններին և հնարավորություն է տալիս համատեղել զարգացման քաղաքականությունը Հայաստանի խաղաղության օրակարգի հետ։ Սա մեզ թույլ է տալիս ունենալ միասնական, համակարգված և ապագային միտված ծրագրային համագործակցություն»,- նշել է փոխվարչապետը:

«Ստորագրում ենք այս Համագործակցության շրջանակը Հայաստանի զարգացման համար կարևոր փուլում։ Այսօր կայացվող որոշումները ձևավորելու են երկրի զարգացման ուղին առաջիկա տասնամյակների համար։ Մեր ընդհանուր նպատակն է ծառայել Հայաստանի ժողովրդին՝ հատկապես նրանց, ովքեր առավել խոցելի են։ 2026 թվականը լինելու է մարդակենտրոն տարի, որը կնշանավորվի այնպիսի զարգացումներով, որոնք կարևորում են վստահությունը, ներառականությունը և սոցիալական համախմբվածությունը»,-նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը: