Հայաստանն ակնկալում է գազի սակագնի 20% նվազում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ բանակցություններում հայկական կողմն ակնկալում է գազի սակագնի 20–տոկոսանոց նվազում, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Հրապարակման մեջ ասվում է, որ եթե ակնկալիքներն իրականանան, ապա ռուսական գազը Հայաստանին կմատակարարվի մոտ 130 դոլարով հազար խորանարդ մետրի դիմաց։
Թե որքանով է ռուսական կողմը հակված ընդունել այս առաջարկը, դեռ պարզ չէ, նշում է թերթը։ Հայտնի չէ նաև, թե ռուսական կողմն ինչ է ակնկալում ստանալ Հայաստանից գազի սակագինը նվազեցնելու դիմաց։
Համեմատության համար թերթն ավելացնում է, որ Հայաստանում խոշոր գազասպառողները գազի յուրաքանչյուր 1000 խմ–ի դիմաց վճարում են 270 դոլար, իսկ Ռուսաստանում` մոտ 65 դոլար։ Սովորական գազասպառողները Հայաստանում վճարում են 320 դոլար, Ռուսաստանում` 110 դոլար։ -0-