Рейтинг@Mail.ru
USD
382.49
EUR
447.51
RUB
4.5057
GEL
142.09
2025 թ. սեպտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանն արևային կայանների կառուցման մրցույթ կանցկացնի

23.11.2016, 18:21
Հայաստանը 50 ՄՎտ արևային կայանների կառուցման մրցույթ կանցկացնի:


Հայաստանն արևային կայանների կառուցման մրցույթ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 50 ՄՎտ արևային կայանների կառուցման մրցույթ կանցկացնի, ակնկալվող ներդրումները կկազմեն 40-70 մլն դոլար, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով, արևային կայանների կառուցման միջազգային մրցույթը նախատեսվում է անցկացնել 2017 թ.-ին: «Դա միջազգային բավականին խոշոր ծրագիր է։ Ներդրողի ընտրության հիմնական գործոնը կլինի առաջարկված ամենացածր սակագինը», - ասաց Հարությունյանը:

Ընդ որում, նա նշեց, որ առաջին նախագիծը կկառուցվի Մասրիկ գյուղի շրջանում, արդեն առկա է նախագծի տնտեսական էներգետիկ հիմնավորումը (ՏԷՀ), համաձայն որի ներդրումները կկազմեն 40-70 մլն դոլար` կախված կիրառվող տեխնոլոգիաներից և ֆոտովոլտային մարտկոցներն արտադրող երկրից:

«Իրականում տվյալ ծրագրի իրականացման շնորհիվ մենք ցանկանում ենք ցույց տալ, որ արևային էլեկտրաէներգիան թանկ չէ, դա էներգիայի հասանելի աղբյուր է», - ասաց Հարությունյանը:

Փոխնախարարը նաև ընդգծեց, որ կառավարությունը հակված է համակարգված արևային կայանների կառուցմանը, մասնավորապես, երկու շաբաթ առաջ նախարարությունը առաջարկել է կարգավորիչին սոակագին սահմանել 1 ՄՎտ հզորություն ունեցող կայանների համար, որը համարժեք է հողմաէներգետիկայի սակագներին:

«Դա կարող է դիտարկվել որպես արտոնյալ սակագին, քանի որ այն բավականին բարձր է տվյալ ոլորտի համար, սակայն մենք հասկանում ենք ոլորտի հնարավորությունները և կարծում ենք, որ այս կերպով կարելի է խթանել դրա զարգացումը և ներդրողներ ներգրավել», - ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ բոլոր ցանկացողները կարող են դիմել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով, արտոնագիր և սակագին ստանալ, կայան կառուցել, և պետությունը պարտավոր կլինի 20 տարվա մեջ գնել նրանց կողմից արտադրված էլեկտրաէներգիան:

2015 թ.-ի ամռանը Հայաստանում մեկնարկել է 58 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր` ուղղված վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Ծրագիրը նախատեսված է 5-6 տարվա համար և իրականացվում է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմանդրամի կողմից`Կլիմայական ներդրումային հիմնադրամի (Climate Investment Funds), Հայաստանի  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Զարգազման ասիական բանկի աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում միջոցառումների հիմնական փուլը կմեկնարկի 2017 թ.-ին: Դրա ավարտից հետո Հայաստանում նախատեսվում է կառուցել 40-50 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, որոնք պատրաստ կլինեն շահագործման 2020 թ.-ին: -0-