Հայաստանում մայիսին գրանցվել է թե′ արտահանման, թե′ ներմուծման նվազում․ ՀԲ ամփոփագիր
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Մայիսին թե′ արտահանումը, թե′ ներմուծումը նվազել են, թեև ավելի դանդաղ, շարունակելով վերաարտահանման փուլային դադարեցման միտումը, նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update. July 2025» ամսական ամփոփագրում։
«Արտահանման ծավալները մայիսին 39.3 տոկոսով (տ/տ) կրճատվել են, ինչը պակաս էր ապրիլի 56.6 տոկոսով (տ/տ) անկումից։ Ներմուծման ծավալները ևս նվազել են 20.4 տոկոսով (տ/տ)՝ հետևելով ապրիլի 41.1 տոկոսով (տ/տ) անկմանը։ Նշվածն արտացոլում էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանմամբ առևտրի թուլացումը», – նշվում է ամփոփագրում։
ՀԲ–ի վերլուծաբանները նշում են, որ մայիսին թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների արտահանումը նվազել է 69.2 տոկոսով (տ/տ) և ընդհանուր արտահանման ցուցանիշի իջնելու առաջնային պատճառն էր։ Տրանսպորտային միջոցների արտահանումը նույնպես նվազել է (70.7 տոկոս, տ/տ)։ Ավանդական արտահանման կառուցվածքում պատրաստի սննդամթերքը (աճը 21 տոկոս, տ/տ), տեքստիլը (աճը 55.2 տոկոս, տ/տ) և հանքանյութերը (աճը 14.2 տոկոս, տ/տ) գլխավոր ապրանքատեսակներն էին, որոնք նպաստել են արտահանման նշանակալի անկման աննշան չեզոքացմանը։
ՀԲ–ի ամփոփագրի համաձայն, ներմուծվող ապրանքների կազմում թանկարժեք մետաղների 61.4 տոկոսով (տ/տ) նվազումը մասամբ փոխհատուցվել է գյուղատնտեսական մթերքի (աճը 54 տոկոս, տ/տ), յուղերի (աճը 37 տոկոս, տ/տ) և պատրաստի սննդամթերքի (աճը 35 տոկոս) աճի հաշվին։
«Առանց թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանմամբ առևտրի՝ արտահանումն ու ներմուծումը աճել են համապատասխանաբար 9.2 տոկոսով (տ/տ) և 14.3 տոկոսով (տ/տ)», – նշվում է ամփոփագրում։
ՀԲ–ի գնահատմամբ, աճողական կտրվածքով՝ հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում արտահանումն ու ներմուծումը նվազել են համապատասխանաբար 57.4 տոկոսով (տ/տ) և 42 տոկոսով (տ/տ), ընդ որում առևտրային դեֆիցիտը ընդլայնվել է 39.8 տոկոսով (տ/տ) մինչև ՀՆԱ-ի 7 տոկոսը՝ բարձրանալով 2024 թվականի ՀՆԱ-ի 5 տոկոսից։
ԱՎԾ–ի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 5 ամսվա ընթացքում նվազել է 49%-ով՝ կազմելով 7.9 միլիարդ դոլար։ Հայաստանից արտահանումը նվազել է 57.4%-ով՝ կազմելով ավելի քան 3.02 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը հանրապետություն կազմել է ավելի քան 4.89 միլիարդ դոլար՝ գրանցելով 42% անկում։