Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարացվի 10 տարով. նախարար

13.09.2013, 15:49
Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարացվի 10 տարով` մինչև 2026 թվականը, ուրբաթ կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։

Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարացվի 10 տարով. նախարար
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարացվի 10 տարով` մինչև 2026 թվականը, ուրբաթ կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։

Նախագահ Պուտինը սեպտեմբերի 3–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ռոսատոմը հայ փորձագետների հետ համատեղ աշխատելու է Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով (մինչև 2026 թ.–ը) երկարացնելու նախագծի իրագործման ուղղությամբ։

Բացի այդ, ուրբաթ կայացած նիստի ժամանակ կառավարությունը որոշում է ընդունել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ին միջուկային նյութերի արտահանման արտոնագիր տրամադրել։

Ինչպես նշել է Մովսիսյանը, դա թույլ կտա Հայաստանին Ռուսաստան տեղափոխել միջուկային վառելիք պարունակող յոթ պարկուճ, որոնք ներկրվել են 1979 և 1987 թթ.–ին և չեն օգտագործվել տեխնիկական թերությունների պատճառով։

Բացի այդ, որոշում է ընդունվել «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» հայեցակարգում ամրագրված Հայաստանի պարտավորությունների կատարման համար պատասխանատու կառույցներ նշանակել Ազգային անվտանգության ծառայությանն ու Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին։

Հայկական ԱԷԿ–ը, որը տարածաշրջանում միակն է, գտնվում է Երևանից 30 կմ դեպի հարավ։ Այն շահագործման է հանձնվել 1980 թ.–ին և դադարեցվել է 1989 թ.–ի մարտին, 1988 թ.–ի դեկտեմբերին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, որը 25 հազար մարդու կյանք խլեց։ ԱԷԿ–ը կրկին շահագործման է հանձնվել 1995 թ.–ի նոյեմբերին հանրապետությունում տիրող սուր էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Փորձագետների գնահատականների համաձայն` ԱԷԿ–ը կարող է գործել մինչև 2016 թ.–ը, սակայն ԵՄ–ն ցանկանում է դադարեցնել այդ ԱԷԿ–ի աշխատանքը։–0–