Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Հայկական ձուկը ՌԴ ներմուծելու արգելքը շարունակում է գործել միայն մեկ ընկերության նկատմամբ

06.03.2013, 17:40
Հայկական ձուկը ՌԴ ներմուծելու արգելքն աղիքային ցուպիկի հայտնաբերման պատճառով շարունակում է գործել միայն «Դիմիտրի» ընկերության նկատմամբ, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավար Արթուր Աթոյանը։
Հայկական ձուկը ՌԴ ներմուծելու արգելքը շարունակում է գործել միայն մեկ ընկերության նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական ձուկը ՌԴ ներմուծելու արգելքն աղիքային ցուպիկի հայտնաբերման պատճառով շարունակում է գործել միայն «Դիմիտրի» ընկերության նկատմամբ, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավար Արթուր Աթոյանը։

Միաժամանակ, նրա խոսքով, ռուսական կողմը շարունակում է ժամանակ առ ժամանակ կանխարգելող քայլեր կիրառել հայկական ընկերությունների նկատմամբ, և որևէ երաշխիք չկա, որ հետագայում էլ արգելք չի սահմանվի հայկական ձկան ներմուծման վրա։

Ռոսսելխոզնադզորն Իսլանդիայից և Հայաստանից ստացված ձկան խմբաքանակներում աղիքային ցուպիկի հայտնաբերման հետևանքով որոշում է ընդունել 2012 թվականի սեպտեմբերի 27–ից ժամանակավոր սահմանափակումներ սահմանել համապատասխան արտադրանքը ՌԴ ներկրելու համար։

Սակայն ինչպես հայտնում են Ձկնաբույծների ասոցիացիայից, Հայաստանի ձկան արտադրությունը նախքան արտահանումը ենթարկվում է մանրազնին փորձաքննության Սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից, և հայկական չորս ընկերությունների արտադրանքում աղիքային ցուպիկ չի հայտնաբերվել։

«Ռուսաստանը միակ երկիրն է, որտեղ ձկան արտադրանքի մեջ աղիքային ցուպիկի հայտնաբերման դեպքում արգելք են կիրառում։ Աղիքային ցուպիկը կարող է հայտնվել, օրինակ, եթե ձուկը հատակին է ընկնում, սակայն լվանալուց կամ ջերմային մշակումից հետո ցուպիկը կվերանա»,– նշեց նա։

Ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավարն ընդգծեց, որ «Ռոսսելխոզնադզորում» չեն հայտնում, թե արտադրանքի տեղափոխման և իրացման որ փուլերում են հայտնաբերվել խախտումները։

Աթոյանը միաժամանակ նշեց, որ «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնատար անձինք մասնավոր զրույցներում խոստովանում են, որ հայ ձկնաբույծների մասով «պատվեր էր կատարվում»։

«Հայաստանն արտադրում է էկոլոգիապես մաքուր ձկնամթերք, որը կարող է մրցունակ լինել համաշխարհային շուկաներում։ Մենք պետք է փորձենք նոր շուկաներ մտնել»,– ավելացրեց նա։

Հայաստանի ձկնաբուծական ասոցիացիայի տվյալներով, այս պահին հանրապետությունում գործում է 215 ձկնաբուծական տնտեսություն` 2011 թվականի 180–ի դիմաց։

Ձկան հայկական արտադրանքի արտահանման ծավալները 2012 թվականին կազմել են 1530 տոննա, 2011 թվականին` 800 տոննա, 2010–ին` 600 տոննա։

Ռուսաստանից բացի, որին բաժին է ընկնում արտահանման մոտ 80-90 տոկոսը, Հայաստանը ձուկ է արտահանում նաև Վրաստան, ԱՄԷ, ԱՄՆ և մի շարք այլ երկրներ։ -0-