Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայկական որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել հայկական ապրանքների նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերի սահմանման պատճառով․ փորձագետ

03.04.2025, 16:01
Հայաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսային տուրքերի սահմանումը նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում
Հայկական որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել հայկական ապրանքների նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերի սահմանման պատճառով․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսային տուրքերի սահմանումը նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա, կարծում է քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։

«Որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես՝ ալյումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլի արտահանումը», – գրել է նա Facebook–յան իր էջում։

Սուրենյանը ներկայացրել է նաև տվյալներ 2024թ․–ին Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ապրանքաշրջանառության մասին։

«2024 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ընդհանուր ապրանքային առևտրի ծավալը գնահատվել է 282.4 միլիոն դոլար, ԱՄՆ-ի ապրանքային արտահանումը Հայաստան՝ 160.8 միլիոն դոլար, ինչը 14.8%-ով (27.9 միլիոն դոլարով) պակաս է 2023-ի ցուցանիշից։ ԱՄՆ-ի ապրանքային ներմուծումը Հայաստանից՝ 121.6 միլիոն դոլար, որը 8.4%-ով (11.1 միլիոն դոլարով) նվազել է 2023-ի համեմատ։ ԱՄՆ-ի ապրանքային առևտրային ավելցուկը Հայաստանի հետ՝ 39.2 միլիոն դոլար, ինչը 2023-ի համեմատ 29.9%-ով (16.7 միլիոն դոլարով) կրճատվել է», – գրել է նա։

ԱՄՆ–ի կողմից մաքսային տուրքերի սահմանման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 183 երկրներից (տարածքներից) և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների վրա նոր հայելային մաքսատուրքեր սահմանելու մասին։

Ցանկում նշված է նաև Հայաստանը, որի համար սահմանվել է բազային (նվազագույն) տուրքի դրույքաչափ՝ 10%, ինչպես նաև Վրաստանը, Ադրբեջանը և մի շարք այլ պետություններ։

Սպիտակ տան կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ Թրամփը տնտեսության մեջ արտակարգ դրություն է հայտարարել, ինչը նրան տալիս է տուրքեր սահմանելու լայն լիազորություններ։

Նրա հրամանում ասվում է, որ անհամատեղելի տուրքերը և երկկողմ առևտրային հարաբերություններում փոխադարձության բացակայությունը, ինչի մասին վկայում է ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը, դարձել են ազգային անվտանգության անսովոր և արտասովոր սպառնալիք:

Սպիտակ տան հրապարակած ցանկի համաձայն, Չինաստանի համար ապրանքների ներկրման տուրքը կկազմի 34%, եվրոպական արտադրանքի համար՝ 20%։

Ճապոնիայի կոմղից տուրքերը կազմում են 46%, պատասխան տուրքը՝ 24%։ Ամերիկյան ապրանքների համար հնդկական տուրքերը գնահատվել են 52%, պատասխան տուրքը՝ 26%։ Ռուսաստանը ցանկում չկա։ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն ապրիլի 5–ին։