ՀՀ Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության նվազման պատճառները
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառության նվազումը պայմանավորված է ոսկու վերաարտահանմամբ։
«Նախ անցած տարի էլ եմ ասել, այս տարի ևս ասել եմ, որ Հայաստանը որևէ օգուտ չի ստանում դրանից (ոսկու վերաարտահանումից)։ Հիմա այդ թիվը զրո էլ դառնա, մեր տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը մոտ զրոյի է և նունիսկ եթե այդ թիվը դառնա 100 անգամ շատ, կրկին դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա մոտ զրոյի է»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Նա մանրամասնել է, որ այս թվերը էական արդյունք են Ռուսաստանի համար՝ որպես արտահանող, և Էմիրությունների համար՝ որպես ներմուծող։ «Մեզ համար դա պարզապես վիճակագրական թիվ է», - ասել է Պապոյանը։
Լրագրողների խնդրանքով նախարարը նաև մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ԱՊՀ գագաթնաժողովում արտաքին առևտրի ցուցանիշների վերաբերյալ երկխոսությունը: Երբ Պուտինը հարցրել է հայ-ռուսական առևտրաշրջանառության թվի մասին, Փաշինյանը պատասխանել է. «Այս տարի այն արդեն 4 միլիարդ դոլար է»: Պուտինը չի համաձայնվել՝ պնդելով, որ այդ թիվն ավելի բարձր է։
Ինչպես նշել է Պապոյանը, Հայաստանը և Ռուսաստանը տարբեր երկրներ են, որոնք օգտագործում են տարբեր մեթոդաբանություններ վիճակագրական տվյալների հաշվարկման համար։
«Չեմ կարող ասել, թե ինչպես են նրանք հաշվարկում, բայց մենք ուրիշ բան չենք կարող հրապարակել։ Եթե Հայաստանի վիճակագրական ծառայությունն ասում է, որ դա միլիարդ է, մենք պետք է ասենք, որ դա միլիարդ է», - ասել է նախարարը։
Ավելի վաղ Համաշխարհային բանկը իր «Հայաստանի ամսական տնտեսական թարմացման» մեջ նշել էր, որ Հայաստանի արտահանման և ներմուծման նվազումը պայմանավորված է 2025 թ.-ի ապրիլին վերաարտահանման ալիքի թուլացման պատճառով։ Ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է 57.3%-ով, մինչդեռ ներմուծումը տարեկան կտրվածքով նվազել է 43.8%-ով, որոնք զուգորդվել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման կտրուկ նվազումով։ Ադամանդի և ոսկու արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է համապատասխանաբար 85% և 74.2%-ով։
ԱՎԾ-ի տվյալներով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին ութ ամիսներին կազմել է 4.5 մլրդ դոլար (2024 թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ 51.3% անկում)։ Միևնույն ժամանակ, 2024 թ.-ին Հայաստանի և ՌԴ-ի միջև առևտուրը կազմել է 12.4 մլրդ դոլար (տարեկան կտրվածքով 56.5% աճ)։