Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+37

ՀՀ էներգետիկայի նախարարը լուրջ չի ընդունում Հայաստան գազի մատակարարման հնարավորության մասին Ադրբեջանի հայտարարությունը

13.06.2013, 17:55
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հինգշաբթի լրագրողներին հայտնեց, որ լուրջ չի ընդունում Հայաստան գազի մատակարարման հնարավորության մասին Ադրբեջանի հայտարարությունը։
ՀՀ էներգետիկայի նախարարը լուրջ չի ընդունում Հայաստան գազի մատակարարման հնարավորության մասին Ադրբեջանի հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հինգշաբթի լրագրողներին հայտնեց, որ լուրջ չի ընդունում Հայաստան գազի մատակարարման հնարավորության մասին Ադրբեջանի հայտարարությունը։

Ինչպես գրում են Ադրբեջանի ԶԼՄ-ները, Ադրբեջանի նավթի պետական ընկերությունը (SOCAR) հայտարարել է, որ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը լուծվի, վերջինս հնարավոր է քննարկի Հայաստանին գազ մատակարարելու հարցը։

 «Ես լուրջ չեմ ընդունում գազի մատակարարման մասին Ադրբեջանի հայտարարությունները»,– ասաց Մովսիսյանը։

Ինչ վերաբերում է գազի գնի 30 տոկոսանոց սուբսիդավորման մասին ռուսական կողմի հետ բանակցություններին, ապա, ըստ նախարարի, դրանք գտնվում են ավարտական փուլում։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուրբաթ նիստում հաստատեց ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար  (ներառյալ ԱԱՀ)։Նոր սակագնի հաստատումից առաջ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդները 1000 խորանարդ մետրի գազի համար կվճարեն 132 հազար դրամ։

Մայիսի 16-ին կառավարության ղեկավարը հայտարարեց, որ գազի գինը կսուբսիդավորվի 30 տոկոսով` դրա բարձրացման դեպքում։ Ավելի ուշ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ կառավարությունը փորձում է ռուսական կողմին ներգրավել երկիր մատակարարվող գազի գնի սուբսիդավորման գործընթացում, և որ բանակցությունների հիմնական նպատակը կառավարության հայտարարած սուբսիդավորման հարցում ռուսական կողմին ներգրավելն է, քանի որ նրան է պատկանում «ՀայՌուսգազարդ» ընկերության 80 տոկոսը։

Անդրադառնալով Հայաստանի ներքին պահանջարկը ծածկելու համար իրանական գազի մատակարարման հնարավորությանը, նախարարը հերթական անգամ պարզաբանեց, որ Իրանը պատրաստ չէ Ռուսաստանից ավելի ցածր սակագներով գազ վաճառել։

2004թ.-ին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը` երկրում բնական գազի մատակարարման ռեսուրսային բազայի ընդլայնման և հանրապետությունում երկրորդ տեխնոլոգիական մուտք ստեղծելու նպատակով: Գազամուղը բացվել էր 2007թ.–ին։ Իրանական գազը վերածվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսված է 1 խորանարդ մետր բնական գազի դիմաց 3 կՎտ/ժ հաշվարկով Իրան արտահանման համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Մովսիսյանը, Իրանը 1000 խմ–ի դիմաց 370 դոլարից ավելի էժան գազ չի մատակարարի Հայաստան, նաև Իրան–Հայաստան գազատարի թողունակությունը տարեկան կազմում է 2,3–2,4 մլրդ խորանարդ մետր, այն դեպքում, երբ Հայաստանում գազի պահանջարկը չի գերազանցում տարեկան 2 մլրդ խմ–ը։

«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության  կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ --0--