ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ–ին` առաջարկելով օրենսդրությամբ սահմանված 90 օրը փոխարինել 180 օրով․ Պապոյանը՝ հայ բեռնափոխադրողների խնդրի մասին
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը և առաջարկել, որպեսզի առանց վիզայի ՌԴ մուտքի իրավունք ունեցող երկրների քաղաքացիները ՌԴ տարածքում մեկ տարվա ընթացքում կարողանան 90 օրվա փոխարեն մնալ 180 օր։
Նախարարն անդրադարձել է հայ–վրացական սահմանին հայ բեռնատարների վարորդների բողոքներին և նշել, որ արձանագրված խնդիրը քննարկվել է ՌԴ պատկան մարմինների հետ։
«Մենք ունենք դրական արձագանք։ ՌԴ գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ, և իմ տեղեկություններով արդեն իսկ Ռուսաստանի Դաշնությունում ներքին շրջանառության փուլում է օրենսդրական նախաձեռնություն, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված», - նշել է Պապոյանը։
Նախարարը հայտնել է նաև, որ հարցը քննարկվելու է հոկտեմբերի 24-ին ԵԱՏՄ- ի նիստում։
Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացիների (առանց վիզայի երկրներից, այդ թվում` Հայաստանից) մնալու սահմանափակումները մեծ դժգոհություններ են առաջացրել հայ բեռնատարների վարորդների շրջանում։ Այս ամսվա սկզբին նրանք մի քանի բողոքի ակցիաներ էին կազմակերպել Երևանում, իսկ մեկ օր առաջ մի քանի ժամով փակել էին բոլոր երեք հայ-վրացական անցակետերի ելքերը։
ՌԴ–ում միգրացիոն օրենսդրության նոր սահմանափակումների մասին
2025 թվականի հունվարի 1-ից առանց վիզայի երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատանքային նպատակներով, կարող են Ռուսաստանի Դաշնությունում մնալ ոչ ավելի, քան 90 օր մեկ օրացուցային տարվա ընթացքում (նախկինում՝ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում): Այս սահմանափակումը վերաբերում է բեռնատարների և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդներին, ինչպես նաև օդաչուներին, բորտուղեկցորդներին, ինքնաթիռների սպասարկման անձնակազմին, գնացքավարներին և այլոց:
Այս կանոնակարգը խախտած օտարերկրացիները մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակ ունեին Ռուսաստանի Դաշնությունում իրենց բնակության կարգավիճակի հարցը լուծելու և վարչական տուգանքներից խուսափելու համար: Տուգանքները ներառում են մուտքի երեք տարվա արգելք (կացության ժամկետը 90-180 օրով գերազանցելու համար), հինգ տարվա արգելք (կացության ժամկետը 180-270 օրով գերազանցելու համար) և տասը տարվա արգելք (կացության ժամկետը 270 օրով գերազանցելու համար):
Վերջին մեկ ամսվա ընթացքում վերահսկողությունը խստացվել է, ինչի հետևանքով տասնյակ հայ վարորդներ ընդգրկվել են խախտողների հատուկ ռեեստրում։