ՀՀ-ն ու Իրանը քննարկել են նավթամթերքի առևտրի ընդլայնումը և գազամատակարարման ենթակառուցվածքների զարգացումը
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբեր․/նովոստի-Արմենիա/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարի հետ քննարկել է ապագա համագործակցության հնարավորությունները։
Ինչպես հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, անդրադարձ է կատարվել ապագա համագործակցության հնարավորություններին, որոնք ընդգրկում են՝ նավթի և նավթամթերքների առևտրի ընդլայնումը, հեղուկ և բնական գազի մատակարարման ենթակառուցվածքների զարգացումը, համատեղ ներդրումները էներգետիկայի ոլորտում, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ հանգույցների արդյունավետ օգտագործումը։
Նախարարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարձր որակի և մրցունակ գներով իրանական հեղուկ գազով, որը կարող է դառնալ երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության հիմք՝ միաժամանակ նպաստելով երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Էդգար Զաքարյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, ինչպես նաև ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։