Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ նախկին վարչապետն առաջարկում է ավելացնել ՀՆԱ-ում գիտության ֆինանսավորման մասնաբաժինը՝ 2013թ.-ին հասցնելով 1%-ի

02.11.2012, 19:11
ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ուրբաթ բյուջետային լսումների ժամանակ առաջարկեց 2013թ.-ին գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնել 1 տոկոսի:
ՀՀ նախկին վարչապետն առաջարկում է ավելացնել ՀՆԱ-ում գիտության ֆինանսավորման մասնաբաժինը՝ 2013թ.-ին հասցնելով 1%-ի
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ուրբաթ բյուջետային լսումների ժամանակ առաջարկեց 2013թ.-ին գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնել 1 տոկոսի:
 
«Պետբյուջեում գիտության ոլորտի համար նախատեսված 11,2 մլրդ դրամի չափով միջոցները կկազմեն ՀՆԱ-ի 0,246 տոկոսը»,- տեղեկացրեց նա՝ ավելացնելով, որ պատրաստվում է խորհրդարանում նախաձեռնել օրինագծի քննարկումները՝ այն մասին, որ ՀՆԱ-ում գիտության մասնաբաժինը պետք է կազմի ՀՆԱ-ի 1 տոկոսից ոչ պակաս:

Ըստ պատգամավորի, գիտության ոլորտի համար հատկացված պետական միջոցների մասնաբաժինը նվազել է նույնիսկ 90-ական թվականների մակարդակի համեմատ:
 
«Աշխարհում գոյություն ունեն չափանիշներ՝ ՀՆԱ-ի 11-12 տոկոսը հատկացվում է առողջապահությանը, 6-8 տոկոսը՝ կրթությանը, 2-4,5 տոկոսը՝ գիտությանը»,- ավելացրեց նա:
 
Բագրատյանը նաև դժգոհություն հայտնեց 108,2 մլրդ դրամի չափով (ՀՆԱ-ի 2,38%) պետական միջոցների ծավալի առնչությամբ, որը պետությունը նախատեսում է հատկացնել կրթության ոլորտին հաջորդ տարի:
 
«Մենք պետք է հասկանանք, որ կրթությունը մի բնագավառ է, որը թույլ է տալիս հետագայում զարգացնել տնտեսությունը: Այդ ոլորտում ձևավորվում է ամենամեծ հավելյալ արժեքը, և այդ բնագավառում ներդրած փողերն արդեն 2014թ.-ին արդյունք կտան»,- ավելացրեց նա: 
 
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն իր հերթին անհամաձայնություն հայտնեց ընդդիմադիր պատգամավորի այն դիրքորոշման առնչությամբ, թե պետք է որևէ ոլորտի մասնաբաժինն օրենսդրորեն ամրագրել:
 
«Դա անընդունելի պրակտիկա է՝ որևէ տոկոս ամրագրելը: Դա զրկում է կառավարությանն ու խորհրդարանին որոշումներ ընդունելու և քննարկումների հնարավորությունից: Եկեք քննարկենք բյուջեի կառուցվածքը, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով քննարկումների: Սակայն խնդիրն այն է, որ եթե դուք ցանկանում եք ավելացնել մեկ ոլորտի ծախսերը, դրանք պետք է կրճատել մյուս ոլորտում»,- ասաց նա:

Գիտության պետական ֆինանսավորման ծավալների հարց վերաբերյալ իր դիրքորոշումն է նաև հայտնել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ «փողը միշտ չի բավարարում,  և դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, որքան էլ մենք ներդնենք՝ քիչ կլինի»,- ասաց նա: 
 
«Իհարկե, որպես նախարար ցանկանում եմ, որ աճեն կրթության ծախսերը, սակայն հասկանում եմ, որ դա պետք է տեղի չունենա մյուս ոլորտների հաշվին»,- նշեց նա:

Աշոտյանը հորդորեց պատգամավորներին կենտրոնանալ գիտության ոլորտի ոչ միայն բացասական, այլև դրական փոփոխությունների վրա։

«Ինչու ենք մենք միշտ միայն վատի մասին խոսում։ Գիտության արդյունավետությունը միայն ֆինանսավորման ծավալի մեջ չէ։ Երեքմիլիոնանոց Հայաստանում այսօր 140 գիտահետազոտական հաստատություն կա։ Բացի այդ, ի տարբերություն զարգացած երկրների, ճգնաժամային և հետճգնաժամային ժամանակահատվածներում Հայաստանում չեն կրճատվել գիտության և կրթության ծախսերը»,– եզրափակեց նա։--0-