Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ ՏՄՊՊՀ–ն տուգանել է մանկապարտեզներին սերուցքային կարագի փոխարեն սփրեդ մատակարարած 27 տնտեսվարող սուբյեկտների

24.09.2012, 14:28
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) երկուշաբթի նիստում  մանկապարտեզներին սերուցքային կարագի փոխարեն սփրեդ (բուսասերուցքային խառնուրդ) և մարգարին մատակարարած 27 տնտեսվարող սուբյեկտների է տուգանել։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) երկուշաբթի նիստում  մանկապարտեզներին սերուցքային կարագի փոխարեն սփրեդ (բուսասերուցքային խառնուրդ) և մարգարին մատակարարած 27 տնտեսվարող սուբյեկտների է տուգանել։

Ինչպես լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, կարգավորիչն ուսումնասիրություն է անցկացրել հանրապետության ողջ տարածքի մանկապարտեզներում պետգնումների շրջանակներում սննդամթերքի ձեռք բերման ոլորտում, ինչի արդյունքում հայտնաբերվել են մատակարարող ընկերությունների արդար մրցակցության, անբարեխիղճ վարքի և խարդախության տասնյակ դեպքեր։

«ՏՄՊՊՀ–ի ստուգումների արդյունքում հայտնաբերվել են դեպքեր, որբ տնտեսվարող սուբյեկտները մանկապարտեզների հետ սերուցքային կարագի մատակարարման պայմանագրեր են կնքել, սակայն դրա փոխարեն մատակարարել են սփրեդ կամ մարգարին, որոնք իրենց որակով և գնով զիջում են սերուցքային կարագին»,– ասաց Շաբոյանը։

Ըստ նրա, մի շարք տնտեսվարող սուբյեկտների վաճառքների փաստաթղթերում նշված է, որ նրանք մանկապարտեզներին մատակարարել են «սերուցքային կարագ» 1-1.6 հազ. դրամով (2,4 – 4 դոլար) մեկ կիլոգրամի համար, այն դեպքում, երբ սերուցքային կարագի շուկայական գինը կրկնակի գերազանցել է այդ արժեքը։ Արդյունքում պարզվել է, որ մատակարարված ապրանքը սերուցքային կարագ չի եղել։

«Հատկապես երկրի մարզերում բացահայտվել են դեպքեր, երբ մանկապարտեզների տնօրենները հենց սփրեդ են գնել։ Այդպիսով, ստացվում է, որ մի շարք դեպքերում տնօրեններն իրենք են մասնակից եղել դրան։ Բացի այդ, ՏՄՊՊՀ–ն հայտնաբերել է մի շարք դեպքեր, հատկապես մարզերում, երբ սննդամթերքի մատակարարներին ընտրել են առանց համապատասխան տենդերների, ինչն օրենքի կոպիտ խախտում է»,– ընդգծեց նա։

Ավելին, Շաբոյանի խոսքով, որոշ մանկապարտեզների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետության կողմից երեխաների համար հատկացված գումարներով գնվել են այնպիսի մթերքներ, որոնց կիրառումը մանկական սննդում դժվար է պատկերացնել, օրինակ, սուրճ, բաստուրմա, սուջուխ, մսային և ձկնային պահածոներ, կծու պղպեղ։

«ՏՄՊՊՀ–ն անընդունելի և դատապարտելի է համարում տնտեսվարող սուբյեկտների այսպիսի վարքը, առավել ևս, երբ դա վերաբերում է երեխաներին։ Այդ պատճառով մենք որոշեցինք նրանց նկատմամբ կիրառել առավելագույն տուգանք` տնտեսվարող սուբյեկտի տարեկան հասույթի մեկ տոկոսի չափով։ Բացի այդ, ՏՄՊՊՀ–ն արդյունքների ողջ փաթեթը կուղարկի Գլխավոր դատախազություն, ինչպես նաև այդ ոլորտները կարգավորող պետական մարմիններ, քանի որ բացահայտած դեպքերը ոչ թե պարզապես անբարեխիղճ մրցակցություն է, այլ օրենքի կոպիտ խախտում, պետական փողերի մսխում»,– ընդգծեց Շաբոյանը։

ՏՄՊՊՀ–ի ղեկավարը նշեց, որ բացահայտված խախտումները նաև օրենսդրական բացերի արդյունք են։

«Խոսքը, մասնավորապես, մանկապարտեզներում սննդի կազմակերպման կարգի մասին է։ Այնտեղ ներկայում բացակայում էր երեխաների համար թույլատրելի և ոչ թույլատրելի սննդամթերքի ցուցակը»,– ավելացրեց նա։

Հանձնաժողով կանչված տնտեսվարող սուբյեկտները նիստի ընթացքում հիմնականում պնդում էին, թե իրենք էլ չգիտեին սփրեդի և սերուցքային կարագի միջև տարբերությունը։ -0-