ՀՀ-ում մեկնարկել է ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող կոշտ թափոնների կառավարման 14.8 մլն եվրո արժողությամբ ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հրազդան համայնքում մեկնարկել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ:
Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների կառուցապատման աշխատանքները։
Միաժամանակ, երկու մարզերի բոլոր բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման նպատակով մշակվել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները և կազմվել աղբի հավաքման օպտիմալ երթուղիները։ Սխեմաների հիման վրա ձեռք են բերվել անհրաժեշտ մեքենասարքավորումները։
Երկու մարզերի համայնքերը հիմնադրեցին և գրանցեցին «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն՝ աղբահանության ծառայությունների մատուցման և աղբավայրերի ու փոխաբեռնման կայանների շահագործման համար։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասին (ՎԶԵԲ)
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ՀՀ-ի առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից մեկն է: Բանկի հիմնական առաջնահերթությունները ՀՀ-ում ընկերությունների մրցունակության բարձրացումն է և ֆինանսական ոլորտում միջնորդական աջակցությունը՝ ռիսկերի բաշխման պրոդուկտների միջոցով։
ՀՀ-ում իր գործունեությունից ի վեր ՎԶԵԲ-ը 220 ծրագրերի միջոցով ներդրել է 2.4 մլրդ եվրո այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը և ֆինանսները: