ՀՀ-ում տնտեսական ակտիվությունն առաջին եռամսյակում կայուն աճ է գրանցել՝ չնայած բարձր անորոշությանը. ՀԲ
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/ԱՌԿԱ/․Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2026 թվականի առաջին եռամսյակում աճել է 7,1%-ով (տարեկան)` 2025 թվականի առաջին եռամսյակի 4,1%-ի համեմատ, ինչը մատնանշում է կայուն աճ՝ չնայած բարձր անորոշությանը։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – May 2026» ակնարկում։
Հետազոտության մեջ նշվում է, որ տնտեսական ակտիվությունը մարտին դանդաղել է մինչև 6,6% (տարեկան)` փետրվարի 7,2%-ի համեմատ։
«Աճը հիմնականում պայմանավորված է եղել շինարարության ոլորտի բարձր ակտիվությամբ, որն աճել է 24%-ով, մինչդեռ արդյունաբերության աճը դանդաղել է մինչև 7% (տարեկան)՝ նախորդ ամսվա երկնիշ աճից հետո։ Այս դանդաղումն արտացոլում էր մշակող արդյունաբերության աճի կտրուկ թուլացումը մինչև 1,3% մարտին՝ փետրվարի 23,8%-ի համեմատ, ինչը պայմանավորված էր ոչ թանկարժեք մետաղների և սննդամթերքի արտադրության ավելի ցածր ծավալներով»,- ասվում է զեկույցում։
Նշվում է նաև, որ հանքարդյունաբերության ոլորտում արտադրության ծավալների աճի բարձր տեմպը՝ 28%, մեծապես արտացոլում էր ցածր բազայի էֆեկտը։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
2026 թ․-ի պետական բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,4% մակարդակում։ Համաձայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ Կենտրոնական բանկի հաշվետվության՝ 2026 թ․-ի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (Ա-Բ), ակնկալվում է 7,1-4,7% սահմաններում, 2027 թվականին՝ 5,7-5,3%, 2028 թվականին՝ 4,9-5,2%։
Միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումները 2026 թ․-ի համար Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ. ԵԱԶԲ՝ 5,3%, ՀԲ՝ 5,3%, ԱՄՀ՝ 5,3%, ԱԶԲ՝ 5,5%, ՎԶԵԲ՝ 5,5%, S&P Global Ratings՝ 5,3%, Fitch Ratings՝ 5%-ից բարձր (2026-2027 թթ. համար)։