ՀՀ հարկային նոր օրենսգիրքը համակարգն ավելի արդար կդարձնի և կավելացնի բյուջետային ծախսերը. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հարկային նոր օրենսգիրքը, որի նախագիծը քննարկման փուլում էր, թույլ կտա հարկման համակարգման համակարգն ավելի արդար դարձնել և ավելացնել բյուջետային ծախսերը, կարծում է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը։
«Դա համալիր բարեփոխում է, և հույս ունեմ, որ կկատարվի հետևողական աշխատանք` հաշվի առնելով դրանց ծավալները և կարևորությունը Հայաստանի համար»,– ասաց Թերեզա Դաբան Սանչեսը Երևանում Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած քննարկումների ժամանակ։
ԱՄՀ–ի ներկայացուցչի խոսքով, փաստաթղթի կարևորությունը պայմանավորված է մի շարք պատճառներով, այդ թվում` նրանով, որ դա միասնական օրենսգիրք է լինելու։
«Հայաստանի անկախացումից հետո իշխանությունների տարբեր մարմիններ բազմաթիվ իրավական և օրենսդրական ակտեր են ընդունել զանազան դոնորների և միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ»,– ասաց Սանչեսը։
Նա նշեց, որ դրա արդյունքում առաջացել են անհամապատասխանություններ, որոնք բարդություններ են ստեղծում տնտեսվարող սուբյեկտների համար և բարենպաստ հող են կոռուպցիոն երևույթների համար։
«Անհրաժեշտ է ներդաշնակեցնել օրենսդրությունը»,– ասաց Հիմնադրամի մշտական ներկայացուցիչը, ավելացնելով, որ բարեփոխումը մի շարք նպատակներ է հետախնդում` հարկահավաքի ավելացում, համակարգի թափանցիկության ապահովում և դրա համապատասխանեցում միջազգային չափանիշներին, ընթացակարգերի դյուրացում։
«Հարկային համակարգն ավելի կանխատեսելի է պետք դարձնել, դա շատ կարևոր է բիզնես հանրության համար։ Նոր օրենսգիրքը ժամանակի ընթացքում, իհարկե, պետք է փոփոխվի, բայց միջնաժամկետ հեռանկարում որպես ընդհանուր ակտ անփոփոխ կմնա։ Իրավական ակտերի հաճախակի փոփոխությունները տնտեսվարող սուբյեկտների համար անորոշության զգացում են ստեղծում»,– ասաց ԱՄՀ–ի ներկայացուցիչը։
Սանչեսը կարևորեց նաև տնտեսական վեճերում արբիտրաժի օգտագործումը` հաշվի առնելով դատական մեծ հավելյալ ծախսերը։
Ըստ նրա, հարկային նոր օրենսգրքի ընդունումը կօգնի համակարգն ավելի արդար դարձնել, ապահովել բյուջեի կայունություն և ավելացնել բյուջետային ծախսերը։ Դա, իր հերթին, թույլ կտա աստիճանաբար կրճատել պետական պարտքը։
«Պետպարտքի կրճատումից կշահի երկիրը, որը կպահպանի լավ վարկառուի հեղինակությունը և կշարունակի օժանդակություն ստանալ միջազգային կազմակերպություններից»,– ասաց Սանչեսը։
Հայաստանի համախառն պետական պարտքը 2016 թվականի մարտի վերջին կազմել է 5 196.1 մլն դոլար` փետրվարի համեմատ ավելանալով 1.5 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Միաժամանակ, տարեսկզբից պետական համախառն պարտքն աճել է 2.3 տոկոսով։
ԱՎԾ–ի տվյալներով, հանրապետության արտաքին պետպարտքը 2016 թվականի վերջին կազմել է 4 405.7 մլն դոլար` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 1.5 տոկոսով կամ 63.6 մլն դոլարով։ -0-