ՀՀ ԿԲ ղեկավարը գանգատվել է ֆինանսական միջոցների սղությունից
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում գանգատվել է միջոցների սղությունից։
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նախորդ նիստում հանձնարարել էր օպտիմալացնել պետկառավարման համակարգը, անցնել բյուջեի տնտեսման ռեժիմի, կրճատել գործուղումների և ներկայացուցչական ծախսերը։
«Կենտրոնական բանկի ծախսերի օպտիմալացումը սկսվել է վարչապետի հայտարարությունից առաջ։ Վերջին յոթ տարիներին ԿԲ–ում աշխատավարձը չի ավելացել։ Վերջին յոթ տարիներին մենք չենք ավելացրել գործուղումների ծախսերը, իսկ ավտոմեքենաների թիվը չի փոխվել»,– ասաց Ջավադյանը։
Նա միաժամանակ նշեց, որ ԿԲ աշխատակիցների թիվը Դիլիջանում Կենտրոնի բացման կապակցությամբ կրկնապատկվեց։ Այսօր այդ կենտրոնում աշխատում է 175 մարդ, իսկ ամբողջ համակարգում` 800 մարդ։
Ինչ վերաբերում է ավտոպարկին, ապա, ինչպես նշեց Ջավադյանը, ԿԲ–ի ավտոմեքենաները 7-9 տարեկան են։ Իսկ խոսելով անձամբ իրեն սպասարկող ավտոմեքենայի մասին` Ջավադյանը նշեց, որ դա 2013 թվականի արտադրության Volkswagen է, ընդգծելով, որ դա նշանակում է «ժողովրդավարական ավտոմեքենա»։
Ինչպես հինգշաբթի հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, կառավարության կառուցվածքում արդեն աշխատանքներ են տարվում պետկառավարման համակարգի օպտիմալացման ուղղությամբ, մասնավորապես, արդեն կրճատվել է շուրջ 800 ծառայողական մեքենա, իսկ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է համապատասխան հաշվետվություններ ներկայացնել։ -0-