Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

ՀՀ–ում տնտեսական ակտիվության աճը 9 ամսում զգալիորեն գերազանցել է սպասումները․ ՀԲ

25.11.2025, 17:50
Հետազոտության մեջ նշվում է, որ տնտեսական ակտիվության բարձր աճը սեպտեմբերին՝ 10,5% մակարդակում (օգոստոսին՝ 7,5%), պայմանավորված էր արդյունաբերության գրեթե կրկնակի աճով, ընդ որում, արտադրանքի թողարկումը սեպտեմբերին աճել է 10,1%-ով՝ օգոստոսի 5,8%-ի համեմատ
ՀՀ–ում տնտեսական ակտիվության աճը 9 ամսում զգալիորեն գերազանցել է սպասումները․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում տնտեսական ակտիվության համախառն աճը տարեկան կտրվածքով 2025 թվականի առաջին-երրորդ եռամսյակներում կազմել է 7,6%, ինչը զգալիորեն գերազանցել է նախնական սպասումները։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – October 2025» զեկույցում։

Հետազոտության մեջ նշվում է, որ տնտեսական ակտիվության բարձր աճը սեպտեմբերին՝ 10,5% մակարդակում (օգոստոսին՝ 7,5%), պայմանավորված էր արդյունաբերության գրեթե կրկնակի աճով, ընդ որում, արտադրանքի թողարկումը սեպտեմբերին աճել է 10,1%-ով՝ օգոստոսի 5,8%-ի համեմատ։

«Մշակող արդյունաբերությունն աճեց 12․1 տոկոսով (տ/տ)՝ սննդի արտադրության ծավալների մեծացման և գունավոր մետաղների արտադրության շարունակական ընդլայնման հաշվին։ Հանքարդյունաբերության ակտիվության աճը 1․8 տոկոս էր (տ/տ)՝ օգոստոսի անփոփոխ աճից հետո։ Շինարարությունը մնացել է ուժեղ, աճը կազմել է 22%։ Ծառայությունները (առանց առևտրի հաշվառման) աճել են 7,9%-ով՝ օգոստոսի 6,7%-ի համեմատ։ Առևտուրը (մեծածախ և մանրածախ) դանդաղել է՝ հասնելով 0,9%-ի»,- ասված է զեկույցում։»

Համաշխարհային բանկի վերլուծաբանները նշում են, որ օգոստոսին 3,5% անկումից հետո, ձեռնարկությունների ամսական գրանցումներն աճել են 26,8%-ով՝ շնորհիվ անհատ ձեռներեցների գրանցումների 32% աճի և ՍՊԸ-ների գրանցումների 14,2% աճի։

Թվերր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականի պետբյուջեով նախատեսված է 5,1% չափով։ Ըստ ԿԲ-ի ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ զեկույցի, 2025 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճն ակնկալվում է կախված սցենարից (Ա-Բ) 5,8-5,7%, 2026 թվականին՝ 5,7-6,2%, 2027 թվականին՝ 5-6,3%։

ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճ է կանխատեսում 5,5% 2025 թվականին։ ՀԲ-ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 5,2%-ով, ԱՄՀ-ն՝ 4,8%-ով, ՎԶԵԲ–ը՝ 5%-ով, ԱԶԲ-ն՝ 6%-ով։ Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ Հայաստանի տնտեսության աճը 2025 թվականին կկազմի 4,9%, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ հայկական տնտեսությունը 2025 թվականին կաճի 5,2%-ով։