Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
449.14
RUB
4.9007
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

ՀՀ–ում տնտեսական ակտիվությունը 11 ամսում աճել է 8,3%–ով

Այսօր, 15:56
Ընթացիկ տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,4%-ով, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ՝ նվազել 0,9%-ո
ՀՀ–ում տնտեսական ակտիվությունը 11 ամսում աճել է 8,3%–ով

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում, ըստ նախնական վիճակագրական տվյալների, 2025 թվականի հունվար-նոյեմբերին արձանագրել է 8,3% աճ՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է հանրապետության Վիճակագրական կոմիտեն։

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,4%-ով, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ՝ նվազել 0,9%-ով։

11 ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2 810 197.1 մլն դրամ՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0,5%-ով։ Ընդ որում, նոյեմբերին արձանագրվել է զգալի աճ. նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ, որը կազմել է 31,7%, իսկ նույն տարվա հոկտեմբերի համեմատ՝ 12,8%։

Շինարարության ծավալը ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 20,1%-ով և կազմել 644 590,2 մլն դրամ։ Նոյեմբերին տարեկան կտրվածքով գրանցվել է 17,2% աճ, իսկ ամսական կտրվածքով՝ 4,3%։

Միևնույն ժամանակ, ներքին առևտրաշրջանառությունը ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում կազմել է 5 965 235,5 մլն դրամ, ինչը 3%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նոյեմբերին տարեկան աճը կազմել է 1,5%, իսկ ամսականը՝ 5,9%։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ծառայությունների ոլորտի ծավալը (առանց առևտրի) 2025 թվականի հունվար-նոյեմբերին հասել է 3 690 004,5 մլն դրամի, ինչը 10,9%-ով գերազանցում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Նոյեմբերին տարեկան աճը կազմել է 11,2%, իսկ ամսվա ընթացքում արձանագրվել է 2,3% անկում։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 5,1%, իսկ 2026 թվականի համար՝ 5,4%: ՀՀ Կենտրոնական բանկի՝ ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության զեկույցի համաձայն՝ ՀՆԱ-ի աճի կանխատեսումները հետևյալն են (ըստ Ա-Բ սցենարների). 2025 թվականին՝ 5,9-5,9%, 2026 թվականին՝ 6,3-4,1%, 2027 թվականին՝ 4,9-5,3%։

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները միջազգային ֆինանսական կառույցների կողմից հետևյալն են․ ԵԱԶԲ (Եվրասիական զարգացման բանկ)՝ 6% 2025 թվականին և 5,3%՝ 2026 թվականին, ՀԲ (Համաշխարհային բանկ)՝ 5,2% 2025 թվականին և 4,9%՝ 2026 թվականին, ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ)՝ 5% 2025 թվականին և 5,5%՝ 2026 թվականին, ՎԶԵԲ (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ)՝ 5% 2025 թվականին և 4,5%՝ 2026 թվականին, ԱԶԲ (Ասիական զարգացման բանկ)՝ 6%: