ՀԿԵ-ում շահագործման է հանձնվել նոր կոմպյուտերիզացված գծաչափ վագոն-լաբորատորիան
11.05.2012,
13:54
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում սկսում է գործել ԿՎԼ-Պ2.1 նոր կոմպյուտերիզացված գծաչափ վագոն-լաբորատորիան: Վագոնը գնվեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում և արտադրված է Ռուսաստանի Տեղեկատվական և տրանսպորտային համակարգերի գիտաարտադրական կենտրոնում (ԻՆՖՈՏՐԱՆՍ - ИНФОТРАНС):
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում սկսում է գործել ԿՎԼ-Պ2.1 նոր կոմպյուտերիզացված գծաչափ վագոն-լաբորատորիան: Վագոնը գնվեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում և արտադրված է Ռուսաստանի Տեղեկատվական և տրանսպորտային համակարգերի գիտաարտադրական կենտրոնում (ԻՆՖՈՏՐԱՆՍ - ИНФОТРАНС):
Գծաչափ վագոն-լաբորատորիան սկսելու է աշխատել արդեն այսօր և թույլ կտա կատարելագործել երկաթուղային ենթակառուցվածքի վիճակի հսկողության գործող համակարգը, ինչն, իր հերթին, կբերի գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման:
«ԿՎԼ-Պ2.1 նախատեսված է մինչև 120 կմ/ժամ արագության պարագայում ռելսերի վիճակի ավտոմատացված հսկողության և գնահատման համար: Հատկանշական է, որ տեխնիկան կարող է աշխատել ցանկացած եղանակին՝ ինչպես անձրևի, ձյան, մարախուղի, այնպես էլ ցածր ջերմաստիճանի, ռելսերի սառցակալման ժամանակ», - ասաց ՀԿԵ ՓԲԸ-ի ենթակառուցվածքի «Ախտորոշում» ճանապարհային կենտրոնի պետ Անդրեյ Ելիզարովը:
Գծաչափ վագոն-լաբորատորիան, մասնավորապես, իրականացնում է ռելսերի վիճակի հիմնական ցուցանիշների ախտորոշումը, սահմանում է գծի հիմնական չափորոշիչները, իրականացնում է գծի վիճակի վիճակագրական վերլուծությունը 1 տարվա կտրվածքով: Հետազոտության ժամանակ սարքը նաև ավտոմատ կերպով ցուցադրում է անցյալ ախտորոշման արդյունքները՝ միաժամանակ համեմատելով հին ու նոր տվյալները:
Լաբորատորիան նաև անցկացնում է հսկվող չափանիշների ավտոմատացված մշակումը՝ ձևավորելով համապատասխան հաշվետվությունները:
Հիշեցնենք, որ գնացքների երթևեկության անվտանգության, ուղևորների կյանքի և առողջության ապահովումը հանդիսանում է ՀԿԵ-ի գործունեության առաջնահերթություներից մեկը: Այս նպատակով անցկացվում են գծի և շարժակազմի պարբերական զննումները, իրականացվում է ենթակառուցվածքի արդիականացման և առողջացման ծրագիրը, որի շրջանակներում մասնավորապես, արդեն վերանորոգվել է մոտ 160 կմ գիծ, փոխվել է մոտ 260 հազ. փայտե և 7,7 հազ. մետաղաբետոնե կոճղ:
Միայն 2012 թվականի ընթացքում, մասնավորապես, նախատեսվում է կապիտալ վերանորոգել մոտ 20 կմ գիծ, ուժեղացված վերանորոգումը կանցնի մոտ 145,6 կմ գիծ:
Հարկ է նշել, որ Հայաստանում 3 տարիների աշխատանքի ընթացքում ՀԿԵ-ն երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման նպատակով ներդրել է 72,1 մլրդ.դրամից ավել:
«ՀԿԵ» ՓԲԸ-ի ծախսերի ընդհանուր ծավալը համաձայն 2011 թվականի ներդրումային ծրագրի կազմեց 13 մլրդ. 460 մլն. դրամ, որից 12 մլրդ. 147 մլն դրամն ուղղվեց երկաթողային ենթակառուցվածքի արդիականացմանը, իսկ 313 մլն. դրամը՝ շարժակազմի թարմացմանը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումների ընդհանուր ծավալը 2012 թվականին կկազմի 1 մլրդ. 150,49 մլն. ռուբլի:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--