Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Հունվարի 1–ից Հայաստանում կթանկանան լայն սպառման ապրանքները

05.12.2017, 13:22
Մեկ ամսից կթանկանան լայն սպառման ապրանքներ։
Հունվարի 1–ից Հայաստանում կթանկանան լայն սպառման ապրանքները

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մեկ ամսից կթանկանան լայն սպառման ապրանքներ։ 2018 թվականի հունվարի 1–ից Հայաստանում որոշ ապրանքների նկատմամբ ուժի մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական միության մաքսատուրքերի տոկոսադրույքները, ինչի արդյունքում կբարձրանան ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքների գները։

Լայն սպառման մթերքներից կթանկանան, օրինակ, թռչնամիսը, կաթը, սերուցքային կարագը, բուսական յուղը, որոնք ներկրվում են ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից։

Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը Ռադիո Ազատության հետ զրույդում ասել է, որ թանկացումներն աննշան են լինելու։

«Մաքսատուրքերի բարձրացումը կկազմի շուրջ 1-2 տոկոս, մոտ 4 տոկոսով կթանկանա թռչնամիսը 2017 թվականի համեմատ, բուսայուղը կթանկանա մոտ 2 տոկոսով»,– ասել է նա։

Ազիզյանը բացատրել է, որ ԵՏՄ–ի անդամակցության պայմանագրով Հայաստանը մոտ 900 անուն ապրանքների մասով  ժամանակ է վերցրել (մինչև 2024 թվական)` ԵՏՄ–ի չափանիշներին մաքսատուրքերը համապատասխանեցնելու համար։ 

Հունվարի 1–ից ուժի մեջ կմտնեն 40 անւոն ապրանքների նոր մաքսադրույքները, ինչը թանկացում է ենթադրում։ Փոխնախարարի խոսքով, նպատակը ներքին առևտրի խթանումն է եվրասիական շուկայում և տեղական արտադրողների խրախուսումը։

«Այսինքն, բերվում են հավասար դաշտ, որտեղ տեղական արտադրողն արդեն կարող է իրացնել իր ապրանքը, ինչը ենթադրում է և աշխատատեղեր, և լրացուցիչ հնարավորություններ»,– ասել է փոխնախարարը։

Նա խոստովանում է, որ, այդ կերպ, օրինակ, ներկրված էժան մսի գինը կհասնի տեղական արտադրանքի գնին, բայց նաև պնդում է, որ տեղական արտադրողի համար դա նոր արտադրությունների հիմնադրման և պահանջարկի բավարարման նոր հնարավորություն է։ Ըստ նրա, հնարավոր է նաև, որ տեղական ապրանքը կէժանանա վաճառքների ծավալների ավելացման հաշվին։

Խոսելով վերջին ժամանակահատվածում գրեթե 40 տոկոսով թանկացած սերուցքային կարագի մասին` փոխնախարարը նշել է, որ քանի որ Հայաստանում այն այդքան էլ շատ չի արտադրվում, լայնորեն օգտագործվող նորզելանդական կարագի փոխարեն կարելի է օգտագործել ռուսականը, քանի որ Ռուսաստանից ներկրվող կարագի համար մաքսադրույքները չեն բարձրանում։

Մինչև 2024 թվականը փոփոխվող մաքսատուրքերի մոտ 90 տոկոսը գների աճ է ենթադրում։ Իսկ 2020 թվականից կբարձրանա ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գինը` միջինը 5 տոկոսով։
Ինչ վերաբերում է գնաճին, ապա, փոխնախարարի խոսքով, այն բարձր չի լինի։ Այն հարցին, թե ինչպես են պատրաստվում մեղմել գնաճը` Ազիզյանն ասել է, որ նոր աշխատատեղեր կստեղծեն տեղական արտադրության խթանման միջոցով։

Միաժամանակ տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով, դա տեղական արտադրության խթանման կեղծ միջոց է, և այն ապագա չունի։

«Այո, տեղական արտադրողին պետք է խրախուսել, բայց դրա համար գոյություն ունեն բազմաթիվ անուղղակի գործիքներ` ճկուն վարկեր, գրավադրման ավելի լավ պայմաններ և այլն»,– ասել է Մանուկյանը։
Անդրադառնալով սպասվող գնաճին` տնտեսագետը նշել է, որ 2018 թվականից ԵՏՄ շրջանակում մաքսային տոկոսադրույքների բարձրացման հետևանքով ԵՏՄ երկրներում կբարձրանան նաև ակցիզային տոկոսադրույքները, ինչի հետևանքով կթանկանա ծխախոտը, օղին և վառելիքը։

Հաջորդ տարվանից ուժի մեջ կմտնեն նաև Հարկային օրենսգրքի մի շարք դրույթներ, ինչը, Մանուկյանի խոսքով, կհանգեցնի գնային նոր ճնշման։ -0-