Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Իրանի դեսպանը ժխտում է արոտավայրերի վարձակալության մասին Հայաստանի և Իրանի միջև պայմանավորվածության առկայությունը

12.02.2013, 16:36
Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին ժխտում է Սյունիքի մարզի արոտավայրերի վարձակալության մասին Հայաստանի և Իրանի միջև որևէ պայմանավորվածության առկայությունը։
Իրանի դեսպանը ժխտում է արոտավայրերի վարձակալության մասին Հայաստանի և Իրանի միջև պայմանավորվածության առկայությունը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին ժխտում է Սյունիքի մարզի արոտավայրերի վարձակալության մասին Հայաստանի և Իրանի միջև որևէ պայմանավորվածության առկայությունը։

2012թ.–ի դեկտեմբերին իրանական ԶԼՄ–ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ ՀՀ Սյունիքի մարզի ղեկավարի իրանական Արևելյան Ադրբեջանի գավառ կայանալիք այցի ընթացքում համաձայնագրի ստորագրում է նախատեսվել, համաձայն որի` Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալության կհանձնի արոտավայրերը Արևելյան Ադրբեջանի գավառից հինգ հազար գլուխ անասունի արածեցման համար` այդ գավառում արտադրված գյուղատնտեսական տեխնիկայի փոխարեն։

«Հայաստանի և Իրանի միջև նման պայմանագիր դեռ չի ստորագրվել»,– երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց Ռեիսին։

Միաժամանակ դեսպանը պարզաբանեց, որ նման հարցերը պետք է լուծվեն ոչ թե մարզպետների, այլ երկրի ղեկավարների մակարդակով` ավելացնելով, որ մինչև նման փաստաթղթի ստորագրումը սկզբում անհրաժեշտ է հատուկ հետազոտություններ անցկացնել, այնուհետև` պաշտոնական բանակցություններ։ Բացի այդ, նման պայմանագրերը պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից։

«Սա այն հարցը չէ, որը հնարավոր է գաղտնի կերպով լուծել երկու կողմերի միջև»,– ասաց նա։

Միաժամանակ դեսպանը տեղեկացրեց, որ այն դեպքում, եթե Հայաստանի և Իրանի միջև նման պայմանագիրը ստորագրվի, դրանում պարտադիր հաշվի կառնվեն երկու կողմերի շահերը։

2012թ.–ի դեկտեմբերին տարածքային կառավարման նախարար, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Գևորգյանը հաստատեց, որ Հայաստանի և Իրանի միջև տվյալ պահին որևէ պայմանավորվածություն չկա Սյունիքի մարզի արոտավայրերի վարձակալության մասին։

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, Հայաստանում գոյություն ունի 1 մլն 118 հազար հեկտար արոտավայր, սակայն արդյունավետ օգտագործվում է այդ տարածքի միայն 30 տոկոսը։ -0-