Իրանը պատրաստ է ավելացնել դեպի Հայաստան գազի մատակարարումների ծավալը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնեց, որ Իրանը պատրաստ է ավելացնել դեպի Հայաստան գազի մատակարարումների ծավալը։ Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
2009 թվականի մայիսի 15–ից Հայաստանը գազ է ստանում Իրանից Իրան–Հայաստան գազատարով։ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում «կապույտ վառելիքը» հայկական տարածքում վերամշակվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսվում է ԻԻՀ արտահանելու համար բնական գազի 1 խմ–ի դիմաց 3 կՎտ/ժամ հաշվարկով։
«Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան»,– ասել է Ռոհանին։
Փաշինյանն իր հերթին կարևորել է էներգետիկ ոլորտում հայ–իրանական համագործակցությունը։
«Կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է գործարքի գրավչության իմաստով»,– ասել է Փաշինյանը։
Նա հույս է հայտնել, որ կողմերի ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղութւամբ: Փաշինյանը նաև նշել է Հայաստանի պատրաստակամությունն Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալելու ուղղությամբ։
«Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»,– ասել է Փաշինյանը։ -0-